Դեռ վաղ է գնահատականներ տալ, թե COVID-ի դեմ պայքարում ո՛ր երկրներն են հաջողել. Ավանեսյան |1lurer.am|
13:52 - 16 ապրիլի, 2021

Դեռ վաղ է գնահատականներ տալ, թե COVID-ի դեմ պայքարում ո՛ր երկրներն են հաջողել. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունավետության թեմային:

«Ճիշտ է՝ վաղ է դեռ գնահատականներ տալ, թե COVID-ի դեմ պայքարում ո՛ր երկրներն են հաջողել, կամ կա արդյոք երկիր, որ հաջողել է, կամ ինչ է նշանակում ընդհանրապես հաջողել կամ տապալել: Բայց կարող եմ մի բան ասել՝ այս ճգնաժամային տարում, երբ տարեսկզբին բոլորին անհայտ մի նոր վարակ համակեց գրեթե բոլոր երկրները և, ունենալով բազում հարցեր ու գրեթե չունենալով պատասխաններ, ՀՀ Կառավարությունը, դրսևորելով հավասարակշռված, օպերատիվ գործելու, արագ արձագանքելու քաղաքականությունը, ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հնարավորինս զսպելու վարակի տարածումը մեր երկրում»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նաև մեկնաբանեց, թե ինչու է գնահատականներում շեշտում «հավասարակշռված» բառը: «Այո՛, շատ սահմանափակումներ, որ կիրառվեցին, միանշանակ որոշակի տնտեսական հետևանքներ պետք է թողնեին: Բայց պետք է հասկանանք, որ մարդու կյանքը, առողջությունը շատ ավելի թանկ են, և մենք փորձել ենք մի կողմից անել ամեն ինչ, որ պաշտպանենք մեր քաղաքացիներին հիվանդանալուց, ծանր ընթացք ունենալուց, առողջությանը շատ մեծ վնաս հասցնելուց և մահվանից, մյուս կողմից, իհարկե, հասկանալով, որ դրանք կարող են տնտեսական հետևանքներ ունենալ»,- նշեց նա: Ավանեսյանը նաև մատնանշեց, որ երկրները, որոնք փորձեցին խուսափել սահմանափակումներից, շատ ողբերգական նկարագիր ունեն:

«Կառավարությունը՝ հասկանալով, որ երկարաժամկետ և անընդհատ սահմանափակումները չեն կարող տեղ գտնել, օպերատիվ կերպով, մոբիլիզացնելով առողջապահական համակարգը, պատրաստելով մեծաքանակ պացիենտների հնարավոր դիմելիությանը, զերծ մնաց երկարատև, խիստ սահմանափակումներ կիրառելուց»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ ներդրվեցին բոլոր անհրաժեշտ սանիտարահամաճարակային կանոնները,որ մի կողմից ապահովում են տնտեսական գործունեության հնարավորությունը, մյուս կողմից՝ փորձում պաշտպանել քաղաքացիներին:

Նախարարը նշեց, որ ՀՀ-ում առկա են պատվաստանյութեր, որոնք կարևոր, վերջնական դեր կխաղան հիվանդության հաղթահարման գործընթացում: Ավանեսյանը նաև շեշտեց Կառավարության գործունեության թափանցիկ գործելաոճը:

«Կառավարությունը, իրականացնելով ճգնաժամային կառավարում, ճգնաժամը փորձել է դիտարկել որպես հնարավորություն՝ ՀՀ-ում որոշակի ուղղությունների զարգացման առումով»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նաև ընդգծեց, որ Հայաստանում, ի տարբերություն շատ ավելի զարգացած երկրների, չեղավ մեկ օր, որ բժիշկները, հիվանդանոցները չունենան անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ: «Սա կարևոր հանգամանք է, որ մենք մեր ռեսուրսները ճիշտ մոբիլիզացնելով, ճիշտ կառավարելով, խիստ դեֆիցիտային ընթացքում կարողացանք ապահովել հիվանդանոցները դիմակներով»,- նշեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել