tert.am: Ձեր խնդիրն այն է, որ դուք 2020 թվականին չդարձաք ավելի լավ իշխանություն, և վարչապետը չդարձավ ավելի լավ ղեկավար, քան 2019 թվականին և 2019 թվականին ավելի լավ ղեկավար չէր, և դուք ավելի լավ իշխանություն չեք, քան 2018 թվականինն էր: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ դիմելով «իմ քայլը» խմբակցությանը:

«Դուք ձեզ միշտ համեմատել եք նախկինների հետ, զբաղվել եք ինքնախաբեությամբ՝ որպես սրտի մխիթարանք և չեք դարձել ավելի լավը։ Սա է պատճառը, որ մենք այլևս ձեզ հետ որևէ հույս չենք կապում: Զարմանալի է, որ դուք ուրախանում եք, որ ձեզ կարող են համեմատել միայն նախկինների հետ՝ նախկինների նկատմամբ ատելությամբ լցված մարդիկ և դրանով միայն ձեզ գնահատեն, որովհետև այլ արժանիք՝ որպես իշխանություն, որպես ղեկավար, չունեք»,-ասաց նա:

Անդրադառնալով նույն խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանին ուղղված մեղադրանքներին, ըստ որի՝ իր անձն է կարևորում, Անի Սամսոնյանն ասաց. «Ավելի լավ է անձն իրենից ինչ-որ արժեք ներկայացնի և երբեմն իր անձը կարևորի, քան թե ուրիշի անձը, քծնելով բոլշևիկի նման՝ ինքնամոռաց ծափ տա»,-ասաց նա:

Նա, գնահատելով կառավարության աշխատանքը, այն ձախողված համարեց և անդրադառնալով պատերազմի զոհերին, նշեց. «3300 կյանքերն էին Հայաստանը, դուք չէիք Հայաստանի ապագան, նրանք էին»,-ասաց նա: