Լոռիում հանք բացելու ծրագիրը մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու․ Վանաձորի բնակիչ Գեւորգ Վարդանյան
21:05 - 15 ապրիլի, 2021

Լոռիում հանք բացելու ծրագիրը մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու․ Վանաձորի բնակիչ Գեւորգ Վարդանյան

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հրապարակել էր տեղեկություն, ըստ որի՝ Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերեւակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ։ Ըստ հրապարակման՝ Հանքը նախատեսում են բացել Լոռու մարզի Եղեգնուտ, Դեբեդ, Վահագնի, Վահագնաձոր, Մարգահովիտ, Քարաբերդ բնակավայրերում։ 

ՀԲՃ տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ վերոնշյալ ընկերության անունը «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ է, որը գրանցված է Հայաստանում եւ պատկանում է Չեխիայում գրանցված «Միներալ Վենչրզ Ինվեստ» ընկերությանը։ Իրական սեփականատերերի մասին, սակայն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այս պահին տեղեկություն չկա:

Վանաձոր քաղաքի բնակիչ, «Լոռու տուրիզմի կենտրոն»-ի համակարգող եւ «Ռաֆտինգը Հայաստանում» ընկերության տնօրեն Գեւորգ Վարդանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վաղը` ապրիլի 16-ին, ժամը 9։00-ին, բողոքի ակցիաներ են իրականացնելու Մարգահովիտի գյուղապետարանի դիմաց, ապա Վահագնաձորում՝ ժամը 11։00-ին, Վահագնիում՝ ժամը 12։30-ին, Դեբեդում՝ ժամը 14։00-ին, Եղեգնուտում՝ ժամը 15։30-ին։

Թեմայի վերաբերյալ Infocom-ի հետ զրույցում Գեւորգ Վարդանյանը հայտնեց, որ լսումների վերաբերյալ իրազեկվել են գյուղապետարանների կայքերից, որտեղ տեղադրված են եղել լսումների վերաբերյալ հայտարարությունը եւ այն թղթաբանությունը, որն ընկերությունը տվել է գյուղապետարաններին։ Բնակիչները այդ հրապարակումներից են տեղեկացել, որ մի քանի համայնքում նախատեսվում է ոսկու հանք բացվել։

«Ամեն ինչ սկսվեց Քարաբերդ համայնքից, ես տեսա, որ Քարաբերդ համայնքի մոտ գտնվող սարը շատ արագ եւ տարօրինակ ձեւով քանդվում է, սկսեցինք ուսումնասիրել եւ տեսանք, որ այդ քանդվածը հումք է, որը հանում-տանում են Վանաձոր քաղաք եւ հենց կենտրոնական հատվածում, որտեղ ավտոկայանն է, հումքը աղում են եւ տեղափոխում այլ վայր։ Պարզվեց, որ նախատեսված է այս մի քանի համայնքում էլ հանք բացել»,- պատմեց Վարդանյանը։ 

Վերջինիս խոսքով՝ իրենց նախաձեռնությունը ինքնաբուխ է, եւ մարզի մտահոգ երիտասարդները նախապատրաստվում են բողոքի ձայն բարձրացնել։ Վարդանյանը նշեց, որ Լոռին եզակի մարզ է, որ պահպանվել է եւ Թեղուտի հանքից հետո այս մարզում պետք է որ ուրիշ հանք չբացվեր, որովհետեւ Թեղուտը վառ ապացույց է, որ հանք շահագործող ընկերություների տված խոստումները չեն կատարվում։ Քաղաքացու կարծիքով՝ այս ծրագիրը ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ պետք է ներառի 5-6 համայնք։

«Այս ծրագիրը Լոռու մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու։ Եթե պետությունը հույսը դրել է այն բանի վրա, որ հանք բացելով տնտեսական աճ է ապահովելու, մենք այդ տնտեսական աճը չենք ուզում հանք բացելով, որովհետեւ մենք այդ փորձը ունենք եւ լավ տեսել ենք ինչ էր կատարվում, երբ Ալավերդի քաղաքում գործում էր պղնձամոլիբդենային գործարանը, ինչպիսի հիվանդություններով էին ծնվում երեխաները եւ ինչ վատ վիճակ էր Ալավերդիում։ Նույն իրավիճակը հիմա նաեւ Վանաձորում է լինելու, որովհետեւ եթե այդ հանքերը բացվեն, այդ գյուղական համայնքներում ապագա չի լինելու, իսկ մարզկենտրոն Վանաձորը նմանվելու է Ալավերդի քաղաքին, որովհետեւ այդ գործարանը, որը կառուցելու են, մոտ է լինելու մարզկենտրոն Վանաձորին»,- հավելեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ խնդրահարույց է նաեւ այն հարցը, որ հանքի շահագործման արդյունքում առաջացած թափոնները թափվելու են գետերի մեջ, մասնավորապես Դեբետի, որը մարզի ամենախոշոր գետն է, այսինքն՝ բնակիչները մեծ աղետի առջեւ են կանգնելու։ Վարդանյանը վստահ է, որ ո՛չ Շրջակա միջավայրի նախարարությունը, ո՛չ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը այդ վտանգները չեն տեսնում, այս պահին տեսնում են միայն ենթադրվող տնտեսական աճը։ 

«Մինչ այսօր որեւէ հարկ մեր պետությանը ոչ մի աճ չի տվել, եթե դիտարկենք նրանց հասցրած վնասները, ապա հարկերը կոպեկներ են հասցրած վնասի համեմատ։ Հիմա մենք բոյկոտելու ենք, որ չսկսեն։ Հանք չի բացվելու, ես ուղղակի վստահ եմ։ Այս պահին իրավիճակն այսպիսին է․ բացի նրանից, որ իրենք սկսել են լսումներ կազմակերպել, ինչպես մենք հասկացանք, Քարաբերդում եւ Սիսի Բերդի տարածքում սկսել են աշխատանքները։ Մենք նաեւ ցանկանում ենք պարզել, թե ինչն է պատճառը, որ լսումները նոր են սկսում, բայց աշխատանքները ավելի շուտ են սկսվել»,- ասաց Վարդանյանը։

Խոսելով վաղը նախատեսվող ակցիաների մասին՝ Վարդանյանն ընդգծեց, որ ամեն ինչ վաղվա ակցիաներով չի ավարտվելու, հնարավոր է՝ լինեն համայնքապետեր, որոնք կողմ կլինեն նախագծին, քաղաքացիների բոյկոտը շարունակվելու է այնքան, որ ծրագիրը չեղարկվի։ Մեր զրուցակիցն ասաց․

«Դեբետ գյուղը սմարթ գյուղ է դառնում, Վահագնաձորում մարդիկ ներդրում են անում՝ հյուրատներ, հյուրանոցներ են սարքում, տուրիստական նախագծեր են մշակում ու այստեղ հանք են ուզում բացել, մենք դեմ ենք դրան, որ հանք բացեն՝ մի քանի մասնավոր ընկերություններ հարստանան, իսկ պետությունը եւ ժողովուրդը կանգնեն կոտրած տաշտակի առաջ։ Մենք ասել ենք, որ այն գյուղապետերը, որոնք կողմ կքվեարկեն այս նախագծին, պետք է օր առաջ գյուղից հեռանան։ Կոչ եմ անում Լոռու մարզից ընտրված պատգամավորներին, նորանշանակ մարզպետին, ում կողմից նույնպես որեւէ արձագանք չկա, հայտնվեն՝ տեսնենք՝ այդ ծրագրին ծանո՞թ են եւ ինչո՞ւ հանդես չեն գալիս եւ չեն ներկայացնում նախագիծը։ Այսինքն՝ իրենք ծրագիրը իրականացնեն եւ ոչ ոք չհայտնվի՞ ժողովդրի կողքին։ Պատգամավորները կամ մարզպետը չկան, ինչը սխալ է․․․ առջեւում էլ ընտրություններ են, այդ ժամանակ կհայտնվեն»,- եզրափակեց Վարդանյանը։

Լուսանկարները՝ ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջից։ 

Ասպրամ Փարսադանյան 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել