1lurer.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը:

Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը:

«Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության ուժեղ տնտեսության կայացմանը: Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում երկրում: Այսօրվա Հայաստանը, ՀՀ-ի ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի, չեն կարող թույլ տալ նման շռայություն և պարտավոր ենք մեր մոտեցումը փոխել:

Այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1.5 տոկոսով, համախառն թվարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33.9 միլիարդ դրամով և այլն: Սրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի մենք կարողանանք մեզ թույլ տալ հրաժարվել այս օրերին աշխատելուց»,- նշեց Քերոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ թեման վաղուց հասունացած ու քննարկվող թեմա է, դրա համար էլ որոշել են այն քննարկել: Հարցը ոչ միայն տնտեսական, այլև առողջապահական հարցերի հետ է կապված:

«Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հարցը պարզ հարց չէ, բազմաթիվ շերտեր կան՝ սկսած սովորույթից, ավանդույթից և վերջացրած դրա գործնական կիրառմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ հիմա ընդունում ենք օրենքի նախագիծ, որը պետք է շրջանառվի, ԱԺ ընթերցումներ անցնի և մինչ այդ էլ բարձրաձայնում ենք թեման՝ հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու՝ թե ի վերջո ինչ ընկալումներ կան»,- ասաց վարչապետը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, թե ինչու է նախարարությունը նախագծին դեմ: Առաքելյանի խոսքով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով քաղաքացիներին հանգստի իրավունքի ամրագրման սոցիալական երաշխիքներ է ապահովում, և 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումով էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը: Հանգստյան օրերի քանակով մեր երկրում կարգավորւմը միջին մակարդակի է:

Ըստ Առաքելյանի՝ հանգստյան օրերի կրճատումը ոչ թե կնպաստի ՀՆԱ-ի աճին, այլ հակառակը, քանի որ ինչքան երկար ձգվի արձակուրդը, այնքան շատ կլինի առևտուրն ու ներքին տուրիզում տեղի ունեցող շրջանառությունը: Առաքելյանն առաջարկեց 5 աշխատանքային օրերի փոխարեն կրճատել 3-ը, որ նաև աշխատակիցների հանգստի իրավունքը լիարժեք պահպանվի:

Վարչապետն առաջարկեց հարցի մասին վերջնական եզրակացություն չանել, հնարավորություն տալ, որ քննարկումը որպես հարց դրվի շրջանառության մեջ և քննարկվի: