Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Անդրկովկասում. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |1lurer.am|
11:34 - 15 ապրիլի, 2021

Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Անդրկովկասում. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում: Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում»,- բանակցությունների մեկնարկին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Վալերի Գերասիմովն ընդգծել է, որ երկրների համագործակցությունն ամրապնդվում է թե՛ երկկողմ հիմքով և թե՛ միջազգային կառույցների, նախևառաջ ՀԱՊԿ-ի շրջանակում:

Նրա խոսքով՝ բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների ցուցիչը Հայաստանի տարածքում գործող ռուսական 102-րդ ռազմաբազան է:

«Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուհերում»,- նշել է Վալերի Գերասիմովը:

Նա նաև հավելել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ժամանակ օգնություն է ցուցաբերվել հայ զինծառայողների ախտորոշման հարցում: Ընդհանուր առմամբ՝ անցկացվել է ավելի քան 22 հազար հետազոտություն:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության լայնածավալ միջոցառումներին, և պատվիրակությունները մշտապես ներկայացվում են բարձր մակարդակով»,- ասել է Գերասիմովը:

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ այս տարի անցկացվում են միջազգային անվտանգության թեմայով մոսկովյան 9-րդ համաժողով, միջազգային բանակային խաղեր և «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորում: «Այս միջոցառումներում ակնկալում ենք ՀՀ զինված ուժերի պատվիրակությունների և թիմերի, ինչպես նաև ստորաբաժանման մասնակցությունը «Արևմուտք-2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին»,- հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը:

«Այսօր մենք հնարավորություն ունենք քննարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության արդիական հարցերը»,- ամփոփել է Վալերի Գերասիմովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել