1lurer.am: Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 7 միլիարդ 548 հազար դրամ, որի նպատակը լինելու է ԱՀ քաղաքացիների 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելը:

«Կառավարության որոշման համաձայն՝ 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու տրվելու է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-68 տարեկան տղամարդկանց»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նույն ծրագրով նախորդ ամիս Արցախում աջակցություն է ստացել 101 հազարից ավելի քաղաքացի:

Առաքելյանի խոսքով՝ մինչև հիմա արցախցիներին տրված աջակցությունը կազմում է մոտ 33 միլիարդ դրամ:

Կառավարության արդեն հաստատած ծրագրերով կա ևս 22 միլիարդ դրամի հատկացման որոշում, այսինքն՝ ընդհանուր առմամբ տրամադրված և հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 միլիարդ դրամ: