Գերիների վերադարձի մասին գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրել են ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը. Փաշինյան
 |1lurer.am|
18:06 - 14 ապրիլի, 2021

Գերիների վերադարձի մասին գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրել են ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի հետ գերիների վերադարձի գրավոր պայմանավորվածություն կա, որը ստորագրվել է ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից, և այն ուժի մեջ է ամեն օր, ամեն պահի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ գերիների վերադարձի մասին հարցին ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սակայն Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, և ուրախ եմ նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ իրենց հայտարարության մեջ հստակ արձանագրել են գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունը, միջազգային հարթակներում այս թեման մենք շարունակաբար բարձրացնում ենք, և ուզում եմ հարցի վրա բոլորիս ուշադրությունը հրավիրել:

ՌԴ նախագահի հետ արձանագրել ենք, որ հարցի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում՝ անիմաստ ու անհեթեթ է այն բանավեճը, թե տվյալ որևէ անձը ռազմագերի՞ է, թե՞ ռազմագերի չէ, քանի որ հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց:

Այսինքն՝ այստեղ ցանկացած կատեգորիայի մարդ, ինչ ձևակերպում էլ տանք, նրանք ենթակա են վերադարձի: Այդ պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվի օր առաջ: Այո՛, ես տեսնում եմ, որ Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական ապակայունացում հրահրելու, այդ թվում՝ որոշ ուժերի համար խոսափող և հարթակ դառնալու համար»,- նշեց վարչապետը:

Ապրիլի 8-ին գերիների վերադարձի սպասման, ինքնաթիռի դատարկ վերադարձի և դրան հետևած այլ իրադարձությունների համար պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի նախագահը, ով ստանձնել է կոնկրետ պարտավորություններ միջազգային հանրության առաջ և չի կատարում իր պարտավորությունները՝ նշեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել