ՀՀ առաջին նախագահն ունի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտի է 1997թ․ «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ 1996թ․ նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ, և այդ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին։ Հետո այդ օրակարգը ձևակերպվել է որպես 1996թ․-ի նախագահական ձախողված ընտրությունների «էքզիթ սթրաթեջի»,- նշեց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2018թ․ ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում է տեղի ունեցել։

«Կարող եմ ասել, որ այո, առաջին նախագահը, դեռևս 2016թ․ հուլիսին եմ այս մասին հայտարարել Խորենացի փողոցում տեղի ունեցած իմ ելույթում, առնվազն 2016թ․ Սերժ Սարգսյանին ուղեկցել է բանակցային գործընթացում, և դա կարող եք տեսնել նաև՝ դիտելով 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքոմ առաջին նախագահի տված հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը։

Հիմա գաղտնիք բացեմ․ ինչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ՝ 2018թ․ հուլիսին։ Մեջբերում․ «Հողերը արդեն պետք է տաս», մեջբերման ավարտը։ Իսկ ինչի՞ դիմաց։ Առաջին նախագահի պատկերացումը՝ այդ օրը ձևակերպված պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել։ Մնացածը արդեն գնահատման հարց է»,- հայտնեց վարչապետը։