ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը և Արցախից տեղահանված անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել
11:29 - 14 ապրիլի, 2021

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը և Արցախից տեղահանված անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել

Իրավաբանների հայկական ասոցիացիան ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ այսօր՝ ապրիլի 13-ին, կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների
իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմայով։ Հանդիպմանը մասնակցում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, նրա տեղակալ Լիպարիտ
Դրմոյանը և 7 հասարակական կազմակերպությունների ղեկավար կազմի շուրջ 20
ներկայացուցիչներ․ դրանք են՝ «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի և «Հարմոնիա» շուշեցի կանանց
հասարակական կազմակերպությունները։

«2020 թականի պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծվել են դիմադրության կենտրոններ հանձինս նորաստեղծ հասարակական կազմակերպություների: Այժմ եկել է պահը բոլորի ջանքերը ուղղելու դիմադրության միասնական հարթակի ձևավորմանը` ուղղված Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիային, պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու արցախահայերի իրավունքերի պաշտպանությանը; Այդ
օրակարգի իրականացման կարևոր խնդիրներից մեկը, ինչպես արդեն նշեցի, տեղահանված անձնաց իրավունքների պաշտպանությունն է: Այս առումով, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ այսօրվա քննարկումը, ուղղված է ՄԻԵԴ-ում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունների քննարկմանը: Նշված ձևաչափով թեև առաջին աշխատանքային հանդիպումն է, սակայն նմանատիպ հանդիպումները այսուհետ շարունակական կլինեն»,-նշել է Կարեն Զադոյանը։

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը վաղուց էր նման հանդիպում նախատեսում Արցախից տեղահանված բնակչության շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ։ «Վերջերս Արցախ այց ունեցանք։ Հանիպեցինք պետական մարմինների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ։ Աշխատանքներ ենք տանում Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցների հավաքման ուղղությամբ և այսպիսի հանդիպումները օգնում են մեզ այդ հարցում»,-նշել է նա։

Եղիշե Կիրակոսյանը և Լիպարիտ Դրմոյանը պատասխանել են ՀԿ-ների ղեկավար
կազմի ներկայացուցիչների հարցերին։ Աշխատանքային քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Արցախից տեղահանված անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համագործակցության մեխանիզմների վերաբերյալ:

Նշենք, որ ««Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի և «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպությունները հիմնադրվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել