Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի ոչ թե 5+2 բանաձևով, այլ 7 տարածքների վերադարձ․ Նիկոլ Փաշինյան
10:59 - 14 ապրիլի, 2021

Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի ոչ թե 5+2 բանաձևով, այլ 7 տարածքների վերադարձ․ Նիկոլ Փաշինյան

Շատ է շահարկվել, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո։ Վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով ԱՀ նախագահի և ԳՇ-ի հետ՝ որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի, և այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հետո ես զանգել եմ ՌԴ նախագահին և ասել եմ, որ ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով։ Այս խոսակցության համատեքստում է, որ մանրամասն քննարկում ենք ունեցել ՌԴ նախագահի հետ։ Մենք արձանագրել ենք, որ ՌԴ նախագահի հետ մենք նույն կերպ ենք ձևակերպում իրադրության հաղթահարումը։ Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել, Ադրբեջանի նախկին տեղահանվածների վերադարձի հարց է եղել։ Ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե մենք հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ, որից հետո ՌԴ նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը ասել է, որ կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, երկրորդը՝ պահանջում է, որ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը, այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ, և նաև ակնարկել է այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ։ Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև էս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը։

«Այսինքն՝ Ադրբեջանը մի իքս պահից կտրականապես հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը․ և սա եղել է 2016թ․ քառօրյա և 2020թ․ 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը։ Եվ հենց սա եմ նկատի ունեցել 2020թ․ սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ պատերազմի առաջին օրը այս ամբիոնից հայտարարությունն անելիս»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել