Օնիկ Գասպարյանը ասել է՝ ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը դադարեցնելու մասին

Cover


Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 19-ի հայտարարության այդ կետը` 4-րդ օրը պատերազմը դադարեցնելու մասին, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, Զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։ ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, որովհետև 2020թ․ օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած ելույթում, զեկույցում հավաստիացրել է․ «Արցախյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն կարող է առկա ուժերով ու միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա ՀՀ ԳՇ պետի գնահատականն է եղել 2020թ․օգոստոսի 21-ին և 2020թ․ սեպտեմբերի 30-ին։

Նրա խոսքով՝ այս ամենը չի նշանակում, թե ՀՀ քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց հրադադարի վերաբերյալ երեք պաշտոնական հայտարարությունների և պայմանավորվածությունների մասին։ Նա, մանրամասն ընթերցելով նշված պայմանավորվածությունների բովանդակությունները, նշեց, որ հրադադարը երեք անգամ էլ չի կայացել, քանի որ Ադրբեջանը չի կատարել դրանք։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Ավելի վաղ զեկույցի այս կետը հերքել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։