Ապրիլի 14-ին, ժամը 00։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/1 շենքի 1-ին մուտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Փրկարարները Դ․ Գ․-ին (ծնված 2001 թ․), Ս․ Գ․-ին (ծնված 2009 թ.) և Դ․-ին (ծնված 1979 թ.) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացիներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն և հոգեբանական աջակցություն: Այնուհետև Դ. Գ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:46-ին, մարվել՝ 01:09-ին: Այրվել է սենյակը՝ գույքով (15 քմ): Փրկարարները տարհանել են մոտ 50 բնակչի: