tert.am: Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը կապված չէ իրանական միջուկային խնդրի լուծմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ Վիեննայում շարունակվող բանակցությունների հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԵՄ պատժամիջոցների կիրառումը, ասել էր, որ եթե այս որոշումը դիտավորյալ է կայացվել Վիեննայի բանակցությունների ամենաթեժ պահին, ապա դա «այնպիսի սխալ է, որը հանցագործությունից էլ վատ է»:

«Սա ոչ մի կապ չունի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ընթացող գործընթացի հետ, դրանք առանձին խնդիրներ են, մարդու իրավունքների ոլորտում ԵՄ պատժամիջոցների ռեժիմը ոչ մի կերպ չի փոխում մեր հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին»,-ասել է Ստանոն:

Նրա խոսքերով՝ նոր ցուցակները ընդունվել են պատժամիջոցների ռեժիմի տարեկան վերանայման շրջանակում, որն ուժի մեջ է 2011 թվականից: Ստանոն հավելել է, որ սահմանափակումների այս ռեժիմը ամեն տարի երկարաձգվում է՝ Իրանում մարդու իրավունքների շարունակական խախտումների պատճառով: