1lurer.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարևորում է Ադրբեջանի իշխանությունների հակահայկական գործողությունների վերաբերյալ միջազգային դիվանագիտական աշխատանք տանելը:

«Մեզ թվում է, որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությո՞ւն է ունենում Ադրբեջանի վրա: Իրենք նայելու են, ասելու են՝ մի հատ պուրակ բացեցինք, մի ամբողջ երկիր խառնվել ա իրար: Իսկ ի՞նչ ենք անում, որ այդ պուրակները չբացվեն»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, թե ո՞ւր է միջազգային դիվանագիտական աշխատանքը, պետք է գործ արվի, որ աշխարհը տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը, ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էլ հայտարարեց, թե ինքը և ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել են Հայ դատի գրասենյակի կողմից և Եվրախորհրդարանի գործընկերների կազմակերպած վեբինարի, որի ընթացքում իրենք մանրամասն ներկայացրել են վերջին ամիսներին տիրող իրավիճակը: Եղոյանն ասաց, որ հատուկ անդրադարձել են Բաքվում բացված այդ թանգարանին, ուղարկել են նկարներ, մանրամասն տեղեկացրել կատարվածի մասին: «Այդ աշխատանքն արվում է, պարոն Մարուքյան: Եվ ոչ միայն ձեզ, այլև բոլոր գործընկերներին խնդրում եմ՝ եկեք միջազգային հարաբերություններում, արտաքին դաշտում գործենք միասնական: Եկեք արտաքին մարտահրավերները չօգտագործենք ներքաղաքական հաշիվներ լուծելու համար: Դրանով պետությանը որևէ օգուտ չենք տա»,- ասաց Եղոյանը: