Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերը և ՀՀ վարչապետի՝ մինչ այժմ չհրապարակված հարցազրույցը |1lurer.am|

19:40 - 12 ապրիլի, 2021

1lurer.am: «Ռոսիա 1» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած վերջին աշխատանքային այցին՝ Պուտին-Փաշինյան հանդիպման կուլիսային կադրերի և մինչ օրս ՀՀ կառավարության ղեկավարի չհրապարակված հարցազրույցի մասին ռեպորտաժում:

Վլադիմիր Սոլովյով (հաղորդավար) - Հայաստանի վարչապետը կրկին ժամանել է Մոսկվա և Վլադիմիր Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, կրկին քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես նշել է Փաշինյանը, անձնական հանդիպումները կարևոր են մոտեցումների համաձայնեցման համար։

Պավել Զարուբին (հաղորդավար) - Այժմ համավարակի պայմաններում ոչ հաճախ են միջազգային հանդիպումներ լինում, ուստի առջևում այն կադրերն են, որոնց մենք հասցրել ենք կարոտել։ Ահա թե ինչպես են կազմակերպվում նման հանդիպումները Կրեմլում։

Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը սլանում է Մոսկվայի կենտրոնական փողոցներով, այժմ մտնում է Կրեմլ։ Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այդ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացվել էր։ Այժմ նման խստացված անվտանգության միջոցներ են գործադրվում։

Կրեմլի ներկայացուցչական կաբինետ, որտեղ էլ պետք է տեղի ունենա հանդիպումը, սեղան են տեղափոխում։ Սեղանը սկզբում դնում են Փաշինյանի աթոռի մոտ, բայց բանակցություններից առաջ որոշում են այն հեռու տանել, որպեսզի կադրում մնան միայն պետությունների առաջնորդների աթոռներն ու մեկ սեղան՝ նրանց միջև։

Ընդամենը երեք ամսում Փաշինյանը Մոսկվայում արդեն երկրորդ անգամ է, և դա համավարակի պայմաններում։ «Ռուսաստանի նախագահը,- կրկին ընդգծում է Հայաստանի վարչապետը,- հատուկ ներդրում է կատարել Անդրկովկասում իրադրության կայունացման գործում»:

Այս կադրերը հետո տարբեր երկրներում կուսումնասիրեն վայրկյան առ վայրկյան, իսկ դրանցում յուրաքանչյուր շարժում ավելին է, քան պարզապես ժեստ։

Ռուսաստան-Հայաստան տնտեսական փոխգործակցությունը համավարակի պատճառով, իհարկե, նվազել է։ Գլխավոր խնդիրն այժմ ակնհայտ է:

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել:

Վարչապետ Փաշինյանը Պուտինի խոսքին զուգահեռ, գրպանից մի թերթիկ հանեց, և սկզբում դժվար էր հասկանալ, թե ինչ թուղթ է դա, բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։

Փաշինյանը ծրագիր էր կազմել՝ բաղկացած այն հարցերից, որոնք առավել կարևոր են իր համար, որպեսզի տեսախցիկների ներկայությամբ հնչեն այդ թեմաները։

Երբ լրագրողներին խնդրում են լքել տարածքը, այն նույն սեղանը հետ են բերում։ Օգնականները Փաշինյանին տալիս են նրա պորտֆելը։ Հայաստանի վարչապետը հանում է կարմիր թղթապանակը։

Լրագրող - Գո՞հ եք Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքից։

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր օրակարգը շատ հագեցած էր, արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը՝ տարածաշրջանին, անվտանգությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր։ Ես գոհ եմ, այո՛, շատ:

Հիմա է, որ քննարկվում է տարածաշրջանի զարգացումը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ առաջնահերթ էր դադարեցնել արյունալի պատերազմը։

Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը նոյեմբերին ճակատագրական համաձայնագիր ստորագրեցին։ Մանրամասների մասին Ռուսաստանի նախագահն այդ ժամանակ պատմել էր մեր ծրագրին: Գլխավոր արդյունքը՝ եռակողմ հայտարարության ստորագրումը, ձեռք է բերվել և, ինչպես ցույց տվեցին անցած ամիսները, ամրապնդվում է։

Վլադիմիր Պուտին - Դադարեցնել արյունահեղությունը: Լսեք, դա ֆիլմ չէ, դա ողբերգություն է, որը տեղի է ունենում կյանքում:

Լրագրող - Ո՞ր պահին, այնուամենայնիվ, ե՞րբ և ինչպե՞ս է փաստաթուղթը դարձել այնպիսին, ինչպիսին մենք բոլորս տեսել ենք այն։

Վլադիմիր Պուտին - Դա այնքան բարդ, ջանք պահանջող գործընթաց էր, իմ կարծիքով՝ բոլոր կողմերի համար։ Ըստ էության, ես ստիպված էի ստանձնել միջնորդի դերը։ Լսում էի նրանց պահանջներն ու հավակնությունները տեքստի շուրջ: Փաստացիորեն, դա իրավահավասար, համարժեք եռակողմ աշխատանք էր։ Պայքարն ընթանում էր երկու կողմից՝ յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել՝ յուրաքանչյուր ստորակետի համար։

Եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ընդդիմությունը Հայաստանում սկսեց մեղադրել Նիկոլ Փաշինյանին ազգային շահերը դավաճանելու համար։ Նախորդ հարցազրույցում Պուտինը հասկացրեց, որ Փաշինյանը մինչև վերջին րոպեն պաշտպանում էր իր երկրի շահերը։

Վլադիմիր Պուտին - Վարչապետն այն ժամանակ ասաց. «Մենք պայքարելու ենք»: Դրա համար էլ նրա հասցեին դավաճանության մասին մեղադրանքները որևէ հիմք չունեն։

Լրագրող - Վտանգ չկա՞, որ արդյունքում Հայաստանում իշխանության կգան մարդիկ, ովքեր պարզապես կհրաժարվեն իրագործել այն ամենը, ինչ ստորագրվել է։

Վլադիմիր Պուտին - Դա ինքնասպանություն կլիներ:

Այժմ Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են այս պահին տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Խոսեցին, իհարկե, նաև պատվաստումների մասին, սկսվում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումները։

Նիկոլ Փաշինյան - Առաջին խմբաքանակ շուտով կժամանի Հայաստան։ Այն ընդգրկում է մոտավորապես 15 հազար չափաբաժին, բայց մենք մոտավորապես մեկ միլիոնի կարիք ունենք։ Մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա դրանք։

Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանում նույնպես պատվաստանյութի շատ մեծ կարիք կա։

Վլադիմիր Պուտին - Մեզ մոտ արտադրությունը զարգանում է, դրա համար էլ, կարծում եմ, կլուծենք այդ խնդիրը, իհարկե, ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների, ռուս սպառողների։

Նիկոլ Փաշինյան - Այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի, հատկապես «Սպուտնիկ V»-ի հեղինակությունը բարձրանում է, և Հայաստանում նույնպես վստահությամբ են վերաբերվում այդ պատվաստանյութին։

Վլադիմիր Պուտին - Արտադրության ծավալը մեզ մոտ համադրելի է երկրի ներսում եղած պահանջարկի հետ, քանի որ ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են ուզում պատվաստվել, բայց նրանց թիվը և արտադրության ծավալը, ընդհանուր առմամբ, համընկնում են: Միաժամանակ աճում են նաև արտադրության ծավալները: Այնպես որ, մենք կքննարկենք այդ հարցը։

ՌԴ-ից Փաշինյանի մեկնման պահին Մոսկվայում ուժեղ անձրև սկսվեց։ Ռուսաստանի պետական արարողակարգն ունի ցանկացած իրավիճակում աշխատանքի սահուն կազմակերպման ստուգված կանոններ։

Մոսկվայում բանակցությունները բավական տևական էին, Հայաստանի վարչապետի ինքնաթիռը «Վնուկովո 2» օդանավակայանից մեկնեց Մոսկվայի ժամանակով 22:00-ին:

Հաջորդ օրը Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի ղեկավարի հետ։ ՌԴ նախագահը նրա հետ նույնպես հանգամանալից քննարկեց Անդրկովկասի իրավիճակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել