Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
15:10 - 12 ապրիլի, 2021

Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազությունը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի կողմից ենթադրյալ գաղտնի տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դիմում է ուղարկել ՀՀ Ռազմական ոստիկանություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Իսկ ահա Ռազմական ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ապրիլի 8-ից Դատախազության դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում․ նյութերի նախապատրաստման ժամկետը տասը օր է, որից հետո որոշում է կայացվում կամ քրեական գործ հարուցելու կամ քրգործի հարուցումը մերժելու մասին։

Այս տարվա փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ, ի թիվս այլնի, խոսել էր նաեւ իր կառավարման օրոք ռազմական ոլորոտում պլանավորվող կամ իրականացվող աշխատանքների մասին։ Նա հայտարարել էր, որ իրենք հաստատել էին 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ՝ զինված ուժերի զարգացման պլան՝ ինչ պետք անել, ինչ փոփոխություն պետք է մտցնել զինված ուժերում  եւ որ զինատեսակները պետք է զարգացնել։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի հիման վրա կազմվել էր ռազմական տեխնիկայի  եւ սպառազինության ձեռքբերման պլան, որի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  իսկ այդ միջոցների աղբյուրները, Սարգսյանի վստահեցմամբ, հստակորեն կային։ Վերջինիս հայտարարության համաձայն՝ նախատեսված էր մինչեւ 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում՝ 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ՝ ե՛ւ հարվածային, ե՛ւ հետախուզական: Սակայն, նրա համոզմամբ, կառավարող նոր ուժը եկել ու փոխել է ամբողջ պլանը։

Հարցազրույցի հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ի թիվս այլնի ճշտելու՝ արդյոք որեւէ փաստաթղթով նախատեսված եղե՞լ է 2018-2020 թթ․ ձեռք բերել 1000-ից ավելի հարվածային եւ հետախուզական ԱԹՍ եւ «Տոր» զենիթահրթիռային համալիրներ։ Հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել՝ եթե հայցվող տեղեկությունները պարունակում են որեւէ մակարդակի պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա Սերժ Սարգսյանի նույնաբովանդակ հայտարարությունը համարվու՞մ է գաղտնիքի բացահայտում, թե՞ ոչ։ 

Մարտի 31-ին Պաշտպանության նախարարությունը մերժեց տեղեկության տրամադրումը՝ նշելով, որ հայցված տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիք։ ՊՆ-ն, մասնավորապես, հղում արեց հետեւյալ իրավական ակտերին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (մերժվում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, ․․․ գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ եւ 12-րդ հոդված (ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց արտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին տեղեկությունները դասվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին), ՀՀ կառավարության 13.03.1998 N173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետ (պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ․ N 9-ՆԳ հրամանով գործողության դրված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերի պահանջներ։

Ինչ վերաբերում է մեր հարցին՝ եթե այդ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք, ապա գաղտնիքին հասանելիություն ունեցած անձի՝ Սերժ Սարգսյանի կողմից դրանց մասին հայտարարելը չի՞ համարվում պետական գաղտնիքի բացահայտում, Պաշտպանության նախարարությունից բանավոր առաջարկեցին դիմել Ազգային անվտանգության ծառայություն։

Նույն օրը՝ մարտի 31-ին, ՊՆ-ի խորհրդով հարցում ուղարկեցինք ՀՀ ԱԱԾ՝ հայտնելով, որ ՊՆ-ից ստացած պատասխանի համաձայն՝ ԱԹՍ-ներ, զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական եւ ծառայողական գաղտնիք։ Նշել էինք, որ այս տեղեկությունների  մասին Սերժ Սարգսյանը խոսել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, ըստ այդմ՝ Սարգսյանի՝ նույնաբովանդակ հրապարակային հայտարարությունները համարվո՞ւմ են պետական եւ ծառայողական գաղտնիքի բացահայտում, եւ եթե այո, ապա պետական եւ ծառայողական գաղտնիքի հրապարակման հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար նյութեր նախապատրաստվե՞լ են։

Ապրիլի 6-ին ԱԱԾ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N173 որոշման համաձայն՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները կամ զարգացման ծրագրերը բացահայտող տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորությունները վերապահված են ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ԱԱԾ-ն էլ իր հերթին առաջարկել է հայցվող տեղեկությունը ստանալու համար դիմել ՀՀ ՊՆ։ Իսկ ՊՆ-ից, ինչպես նշեցինք վերեւում, առաջարկել էին դիմել ԱԱԾ։

ԱԱԾ ուղարկած հարցումը մարտի 31-ին ուղարկել էինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից էլ ապրիլի 9-ին հայտնել են, որ հրապարակումն ուղարկվել է Ռազմական ոստիկանություն՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը լուծելու։ 

Այսպիսով, ՊՆ-ն եւ ԱԱԾ-ն չեն կողմնորոշվում, թե իրենցից որն է իրավասու պարզաբանել՝ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած, գերագույն գլխավոր հրամանատար հանդիսացած անձի կողմից հրապարակվե՞լ են ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, թե՞ ոչ։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի՝ ենթադրյալ գաղտնիք պարունակող տեղեկություններով փետրվարին հրապարակված հարցազրույցը միայն ապրիլին է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել