azatutyun.am: Վրաստանի առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներ Դավիթ Բաքրաձեն և Գիգի Ուգուլավան լքել են կուսակցության շարքերը։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` քաղաքական գործիչները իրենց որոշումը բացատրում են 2020 թվականի աշնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների թույլ արդյունքներով. կուսակցությանը չի հաջողվել պահպանել նախկինում ունեցած 21 մանդատները`10-րդ գումարման խորհրդարանում ստանալով ընդամենը 5 տեղ։ Ընդդիմադիր գործիչները տարածած հայտարարությամբ ընդգծում են, որ որևէ այլ քաղաքական ուժի միանալու մտադրություն չունեն, միևնույն ժամանակ չեն պատրաստվում լքել ակտիվ քաղաքականությունը` շարունակելով ընդդիմադիր պայքարը։

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2017 թվականին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Ազգային միացյալ շարժումը» լքած մի խումբ քաղաքական առաջնորդների կողմից։