Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերն աճել են |armenpress.am|
14:50 - 09 ապրիլի, 2021

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերն աճել են |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020-ին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումները զգալիորեն ավելին  են եղել, քան 2019-ին:

Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու նախագծի քննարկման շրջանակում:

Ֆիդանյանը ներկայացրեց վիճակագրություն՝ ՀՀ-ում հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետ կապված:

«2020-ի հայտնաբերումների թիվը շատ ավելին է: Մասնավորապես, 2020-ին հայտնաբերվել է 1 226 հանցագործության դեպք՝ 2019-ի 1 088-ի դիմաց: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հատկապես լատենտային հանցագործություն է, և այս թվերը վկայում են նաև մեր աշխատանքի արդյունավետության մասին»,- ասաց փոխոստիկանապետը ՝ նշելով, որ աճը, սակայն. բացասական երևույթ է:

Նրա խոսքով՝ այս տիպի հանցագործությունների դեմ ԱՊՀ շրջանակում համագործակցություն կա՝ հատկապես Ռուսաստանի և Բելառուսի հետ: «Հիմնական խնդիրները, սակայն, ծագում են այլ երկրների հետ՝ դիցուք հարևան հանրապետության հետ»,- նշեց նա:

Ֆիդանյանի խոսքով՝ հաճախ թմրամիջոցները ՀՀ են առաքվում փոստային հաղորդումների միջոցով, ինչը վերսհակողության առումով բավականին ծանր մեխանիզմ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել