ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են հանրային սննդի ոլորտի տնտեսվարողների հետ
18:46 - 08 ապրիլի, 2021

ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են հանրային սննդի ոլորտի տնտեսվարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ տարվա մեջ արդեն երկրորդ հանդիպումն է անցկացվել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: ՊԵԿ-ի ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության են հրավիրել: Քննարկվել են վերջին շրջանում նրանց հուզող խնդիրները և ոլորտային ռիսկերը: 

Հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողներին մտահոգությունների տեղիք են տվել ՊԵԿ-ի հսկողական աշխատանքները՝ համատեղ քննարկման հարթակ բերելով բիզնեսին և հարկային մարմնին: ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանի տեղեկացմամբ՝ վերլուծությունների արդյունքում ի հայտ եկած ռիսկերը դեռևս նախորդ հանդիպման ժամանակ ներկայացվել են տնտեսվարողներին, այնուհետև  նախաձեռնվել է համապատասխան վարչարարություն: 
Ոլորտային ռիսկերը նվազեցնելու համար կոմիտեն հորդորում է լիարժեք կատարել օրենսդրության սահմանված պահանջներն ու պարտականությունները. հաշվարկ-հաշվետվություններում ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունները, ձևակերպել բոլոր աշխատակիցներին և լիարժեք արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները՝ հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում: 

 
 

Հարկային ստուգումներից դժգոհող տնտեսվարողների կարծիքով երբեմն անհարկի ստուգումներ են անցկացվում: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի վստահեցմամբ՝ որևէ հարկ վճարողի նկատմամբ առանց հիմքերի ստուգումներ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չեն իրականացվում: Կոմիտեն, առանց բացառությունների, հսկողական գործողություններ է իրականացնում բոլոր ոլորտներում: ՊԵԿ-ը միաժամանակ հիշեցնում է, որ դեռևս անցած տարվանից մեղմ քաղաքականություն է վարել  համավարակից տուժած ոլորտների նկատմամբ՝ գրեթե ամբողջ տարին զերծ մնալով օպերատիվ-հետախուզական կամ հսկողական այլ միջոցառումներից: Միայն նշված ոլորտի ակտիվացումից հետո են համարժեք արձագանքել և վերսկսել միջոցառումները: Կարևորելով գործընկերային հարաբերությունները հարկ վճարողների հետ՝ Պետական եկամուտների կոմիտեն ի հայտ եկած ռիկսերը նախևառաջ տնտեսվարողին է ներկայացնում՝ առաջարկելով ինքուրույն շտկել թերացումները, հետո նոր միայն իրականացնում հսկողական միջոցառումները: 

Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների,  հարց ու պատասխանի ձևաչափով: Կոմիտեն վստահեցնում է՝ բիզնեսի առաջարկությունները հաշվի կառնի հսկողական հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել