Գեղարքունիքում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի երկրորդ տասնօրյակից   |armenpress.am|
15:29 - 08 ապրիլի, 2021

Գեղարքունիքում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի երկրորդ տասնօրյակից |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսելու նպատակով մարզպետարանում հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են  մարզպետի որոշմամբ Գեղարքունիքի մարզում ստեղծված Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի ուղղությամբ հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու մարզային հանձնաժողովի նախագահը եւ անդամները։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, դա հանձնաժողովի անդրանիկ նիստն էր։ Հանձնաժողովի աշխատանքները համակարգում է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, իսկ դրա կազմում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի մարզային հանձնաժողովի  ղեկավարներ եւ աշխատակիցներ, Մարտունու եւ Սեւանի ԲԿ-ների բժիշկներ:

Նիստը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Նարեկ Մանուկյանը:  Նա ողջունել է հանձնաժողովի անդամներին`  մաղթելով արդյունավետ եւ համագործակցված աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ներդրման,  իրազեկման եւ իրականացման հետ կապված հարցեր: Նշվել է, որ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման գործընթացում  առանցքային դեր ունեն դրա դեմ իրականացվող պատվաստումները, ինչի գործընթացը  Գեղարքունիքի մարզում նախատեսվում է սկսել ապրիլի 2-րդ տասնօրյակից:

«Առաջին փուլում  նախատեսվում է պատվաստել 65 տարեկանից բարձր, իսկ երկրորդ փուլում՝ 18-64 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, բուժաշխատողներին, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներին, այցելուներին և աշխատակիցներին: Պատվաստումներն իրականացվելու են կամավորության սկզբունքով եւ անվճար հիմունքներով»,- տեղեկացրել են հանձնաժողովի անդամները:

Մարզի բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նիստի ընթացքում որոշվել է հաջորդ շաբաթվանից մարզի բոլոր տարածքների առողջապահության առաջնային օղակի բժիշկների եւ միջին բուժանձնակազմի հետ իրականացնել վերապատրաստման դասընթացներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել