Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է. ինչ ազդեցություն դա կունենա գնաճի վրա. հարցազրույց ԿԲ նախկին նախագահի հետ
 |armtimes.com|
21:36 - 07 ապրիլի, 2021

Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է. ինչ ազդեցություն դա կունենա գնաճի վրա. հարցազրույց ԿԲ նախկին նախագահի հետ |armtimes.com|

armtimes.com: Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է: Մասնավորապես 1 դոլարի առքը հասել է 535 դրամի, իսկ վաճառքը՝ 540 դրամի։ 2014-ից ի վեր առաջին անգամ է դոլարը դրամի նկատմամբ նման աճ արձանագրում:

Քաղաքական առումով դեռեւս սպասումներ եւ անորոշություններ կան եւ գուցե ընտրությունները որոշակիորեն այս հարցը մեղմեն: Միեւնույն ժամանակ կարելի է ենթադրել, որ փոխարժեքի նոր փոփոխությունը կարող է էլ ավելի խորացնել առանց այդ էլ բարձր գնաճի տեմպը, քանի որ մինչ այս ներմուծվող ապրանքների գների աճը փորձագետները հիմնականում պայմանավորում էին համաշխարհային գների բարձրացմամբ եւ դրամի արժեզրկմամբ:

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրաստ Ասատրյանն անդրադառնալով դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման պատճառներին ասաց, որ այս տարվա ընթացքում արժութային շուկայում գրեթե ոչինչ տեղի չի ունեցել:

«Մենք գործ ունենք լողացող փոխարժեքի հետ: Հետաքրքիր է, որ մեր հասարակության մեջ՝ անգամ մասնագիտական շրջանում՝ դոլարից բացի ուրիշ արժույթ չեն ճանաչում: Չեն ուզում տեսնել ինչ կա աշխարհում, հարեւան երկրներում, ԵԱՏՄ-ում: Ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է»,- ասաց Ասատրյանը:

Նա նշեց, որ ԿԲ-ի տվյալներով՝ հունվարի 1-ի դրությամբ դոլարը կազմել է 522.6 դրամ, իսկ երեկվա դրությամբ 535.1 դրամ եւ արժեզրկումը կազմել է 2.5 տոկոս. «Բոլորը մոռանում են, որ մեր տնտեսությունը 2 հիմնական արտարժույթով է աշխատում, երկրորդը եվրոն է: Ընդ որում, երբ խոսում ենք արտաքին առեւտրի մասին, եվրոյով առեւտրի ծավալներն ավելի մեծ են, քան դոլարինը»:

ԿԲ նախկին նախագահի խոսքով՝ հունվարի 1-ին եվրոն կազմել է 641 դրամ, իսկ ապրիլի 6-ին՝ 632 դրամ, այսինքն դրամն արժեւորվել է եվրոյի նկատմամբ 1.5 տոկոսով: Վրաստանում հունվարի 1-ի համեմատ ապրիլի 6-ին դրամը լարիի նկատմամբ արժեւորվել է 1.4 տոկոսով. «Ռուսական ռուբլու նկատմամբ էլ է դրամն արժեւորվել»:  

Ասատրյանը նշեց, որ ամենածանր վիճակը Թուրքիայում է, դրամը լիրայի նկատմամբ արժեւորվել է 7.8 տոկոսով:

«Մենք այսպիսի պայմաններում ենք ապրում՝ տնտեսական, մակրոտնտեսական ֆունդամենտալ գործոնների տեղաշարժ չի եղել, որոնք կարող էին իրենց ազդեցությունը թողնել փոխարժեքի վրա»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ տվյալ դեպքում դոլարի նկատմամբ դրամի անկումը 2 պատճառ ունի՝ միջազգային շուկաներում դոլար-եվրո տատանումները եւ ներսում բնակչության սպասումները, որոնք ամրագրվում են դաշտի մասնակիցների՝ առեւտրային բանկերի վարքագծով: Տնտեսագետն ասաց, որ բանկերը դոլարի պահանջարկ են ներկայացնում:

Հարցին՝ Կենտրոնական բանկի աշխատանքը դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը մեղմելու հարցում որքանո՞վ է արդյունավետ, Ասատրյանը պատասխանեց, որ ԿԲ-ն անում է այն, ինչ պետք է անե, իր բոլոր գործիքները կիրառել է՝ ե՛ւ ինտերվենցիաներ ե՛ւ տոկոսադրույքի բարձրացում:

«Հիմա կան մոտեցումներ, որոնք ԿԲ-ն պետք է ավելի ինտենսիվ իրագործի: Հաշվի առնելով, որ անցած տարվանից սպասումներ եւ անհանգստություններ կան ԿԲ-ն պետք է ձգտի շատ հրապարակային լինել, ընդհուպ մինչեւ ԿԲ նախագահը պետք է առնվազն ամիսը մեկ անգամ հասարակությանը հուզող խնդիրների վերաբերյալ հանդես գա հրապարակային հայտարարությամբ»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:

Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել