Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսը
12:35 - 07 ապրիլի, 2021

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսը

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսն ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ։

Ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է․ «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո տոն։ Այս օրը մեր եկեղեցիներում կատարում ենք օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար, մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգևի և լիառատ պահի սերն ու համերաշխությունը ընտանեկան հարկի ներքո։ Հոգենորոգ տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլորին, ի մասնավորի՝ մայրության բերկրանքին սպասող կանանց»։

«Մեր ժողովրդի համար դժվարին այս օրերին Սուրբ Հոգու սփոփանքն ու Բարձրյալի զորակցությունն ենք հայցում ազգիս բոլոր զավակներին, ի մասնավորի արցախյան նոր պատերազմի կորուստների ու արհավիրքների ցավը կրող մայրերին, քույրերին ու դուստրերին։

Աղոթում ենք, որ Տիրամոր բարեխոսությամբ հարուցյալ Փրկիչը խաղաղություն ու բարօրություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու հավատավոր ժողովրդին։ Թող Տիրոջ հանապազ պահպանությունն ու շնորհները հովանի լինեն մայրության բերկրանքին սպասող կանանց, որ աստվածպաշտության, հայրենանվիրումի ու ազգանվիրումի ոգով սնեն ու դաստիարակեն իրենց զավակներին, և Աստված բոլոր կանանց, մայրերին ու քույրերին պարգևի երջանկություն, բարօրություն ու ամենայն բարիք, այսօր և միշտ. ամեն», - ասված է Վեհափառի ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել