tert.am: Այսօր ինձ մոտեցավ մի պապիկ և հարցրեց՝ ի՞նչ արեցիք այս երկրի հետ, այս ամենը ինչ տեսնում եք, կառուցվել է կոմունիստների ժամանակ, երբ մենք աշխատում էինք, արարում, ստեղծում ու հանգիստ ապրում, ես 2 տարի առաջ կարող էի նրան պատասխանել, իսկ հիմա քաղաքացիներին պատասխան չեմ կարողանում տալ։ Այս մասին Սևանում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը։

«Երկրում շատ թերություններ են եղել, բայց մենք նաև հաղթանակներ ունեցանք։ 5000 ժողովուրդ աշխարհի երեսին ուզում է անկախություն ունենալ, բայց գոյություն ունի ընդամենը  200 անկախ պետություն, որոնցից մեկը մենք ենք, մենք կառուցեցինք մի բանակ, որը ամենամարտունակն է Անդրկովկասում, մենք կարողացանք հետ վերցնել մեր հայրենիքը այն  հատվածը, որը կոչվում է Արցախ, բայց պատերազմի 44 օրից հետո ես քաղաքացիների պատասխան չունեմ. այն ինչ կատարվեց 44 օրերի ընթացքում պատերազմ չէր»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նաև ընդգծեց՝ ամիսներ շարունակ հայ ժողովրդին խաբում էին, հիմա ժողովուրդը այլ ճանապարհով պետք է առաջնորդվի, արտահերթ ընտրություններ չպետք է լինեն։

«Մենք մտածում էինք՝ հաղթում ենք, բայց այնինչ մենք անընդհատ պարտվում էինք, իսկ հազարավոր երիտասարդներ գնում էին։ Այս իշխանությունը ոչ թե պետք է արտահերթ ընտրություններով փոխել, այլ ժողովուրդը պետք է վտարի նրանց: Ես ընտրությունները չեմ ընդունում, քանի որ դա իրենից ենթադրում է՝ վատ իշխանություն է լինում, փոխում ենք, բայց սա դավաճանություն է, իսկ սերունդներին պետք է ցույց տալ՝ չենք ներում դավաճանություն»,- ասաց Վազգեն Մանուկյանը։