Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։
Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։
2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։ Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։
Արդյունքում մայիսի 1-ին Փաշինյանը` որպես հեղափոխական շարժման ղեկավար, ժողովրդի կողմից առաջադրվում է ՀՀ վարչապետի թեկնածու, սակայն Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների ջանքերով վերջինիս ընտրության գործընթացը տապալվում է։ Օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի երկրորդ ընտրությունը տեղի է ունենում մայիսի 8-ին, որի ժամանակ էլ վերջինս ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։