2021 թվականի մարտի 7-ին սոցիալական հարթակներում եւ տարբեր ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերում մոտ 500 ռուս խաղաղապահներ չափագրումներ են իրականացնում։ 

Այս առնչությամբ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում»:

Նույն օրը ՊՆ-ն հերքեց շրջանառվող տեղեկությունները՝ նշելով, թե լուրը բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը, սակայն հավելյալ մանրամասներ չհայտնեց։ Մեր հարցերին ի պատասխան՝ նախարարության տեղեկատվության բաժնից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Հարցման հինգերորդ օրը ՊՆ-ն տեղեկություն տրամադրելու համար երեսուն օր պահանջեց։ Ապրիլի 2-ին պատասխանեցին, որ ՀՀ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ԶՈՒ գլխավոր շտաբից։ Աշխատանքները կատարվում են Սյունիքի մարզում։ Տավուշի մարզում աշխատանքներ չեն կատարվում։ 

Մեր հարցին, թե արդյոք սույն թվականի մարտի 5-ից իրենց ծառայության շրջանակներում ռուս զինվորականներ այցելե՞լ են Տավուշի մարզ, եթե այո, ապա քանի՞ ծառայող, նախարարությունից պատասխանել են, թե ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք զորավարժությունների շրջանակներում ռուս զինծառայողները այցելել են Տավուշի մարզ, իսկ քանակի վերաբերյալ ՊՆ-ն տեղեկություններ չունի։ 

«Համաձայն 102-րդ ռազմաբազայի 2021 թվականի մարտական պատրաստության պլանի՝ նախատեսված է եղել զորավարժություն, որի շրջանակներում անցկացվել են տեղզննման (ուսումանկան) աշխատանքներ նշված ուղղություններով»,- ասված է պատասխանում։ 

Infocom.am-ի մյուս հարցերին, թե արդյոք ռուս խաղաղապահներ կամ սահմանապահներ պե՞տք է տեղակայվեն Տավուշի մարզի հայ-ադրբեջանական դիրքերում, եթե այո, ապա ո՞ր հատվածներում է նախատեսվում նրանց տեղակայումը, եթե տեղակայում նախատեսվում է, ապա իրավական ի՞նչ ակտերի հիմքով, նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան նշել են, որ ռուս խաղաղապահների կամ սահմանապահների՝ Տավուշի մարզի հայ- ադրբեջանական սահմանում տեղակայման վերաբերյալ հարց չի քննարկվել։ 

Այսպիսով, ՊՆ-ն, արձագանքելով ռուս խաղաղապահների՝ Տավուշում ինչ-որ գործողությունների վերաբերյալ տարածվող լուրերին, նախ միայն հերքեց դրանք՝ ասելով, թե լուրը բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը, եւ որեւէ այլ մեկնաբանություն չտվեց։ Միայն գրավոր հարցումից հետո գերատեսչությունից պատասխանեցին, որ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք զորավարժությունների շրջանակներում ռուս զինծառայողները այցելել են Տավուշի մարզ։ Իսկ թե քանի զինծառայող է մասնակցել այդ զորավարժություններին, ՊՆ-ն, փաստորեն, տեղեկություն չունի։

Ի դեպ, նախարարությունը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկություն տրամադրելու համար դարձյալ երեսնօրյա ժամկետ պահանջեց․ նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։

Ասպրամ Փարսադանյան