1lurer.am: Քրեական օրենսգրքում հանցակազմեր կան նախատեսված, որոնք ընդհանուր և հատուկ են, մեկը մյուսի մեջ կլանում են, երբ հատուկ նորմն իր մեջ կլանում է ընդհանուր նորմը: Երբ կա հատուկ նորմ, արարքը չես կարող որակել ընդհանուր նորմով, երբ կա հատուկ հանցակազմ, չես կարող արարքը որակել ընդհանուր հանցակազմով, այլ պետք է որակես հատուկ հանցակազմով: Նման հարաբերակցություն ունեն քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասը և 300.1-րդ հոդվածը, որով որակված էր չորս ամբաստանյալների արարքը: Քանի որ հատուկ նորմը վերացվելուց հետո առաջանում է արարքի վերաորակավորման հարց, իսկ արարքի վերաորակավորման հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը չեն տալիս, արգելափակում են վարույթը, գլխավոր դատախազը դիմել է ՍԴ՝ մեր կողմից կիրառման ենթակա նորմերի սահմանադրականությունը որոշելու համար, և մենք միջնորդությանը պատասխանելիս դատարանին ներկայացրել ենք հիմնավորումներ, թե ինչու ինքը հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է դիմի ՍԴ, և պարզվի նման իրավիճակում հետապնդում դադարեցնել պարտավորեցնող նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Այս մասին հայտարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը «Մարտի 1»-ի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ երբ անձի արարքում այդուհանդերձ կա հանցագործություն, և դու ձևական պահանջի պատճառով դադարեցնում ես հետապնդումը, ստացվում է՝ կար հանցագործություն, կար հանցագործությունից տուժած անձ, և անձը պատասխանատվության չենթարկվեց: Իսկ միջազգային իրավական փաստաթղթերն ու Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներն արձանագրում են, որ դա խախտում է տուժողի իրավունքը»։

Հարցին՝ ՍԴ որոշումից հետո, երբ Սահմանադրությանը հակասող ու անվավեր է ճանաչվել քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, մինչև դատախազի՝ ՍԴ ներկայացրած դիմումի քննարկումը ամբաստանյալների նկատմամբ քրեական վարույթի ձգձգումը, չի՞ ստացվում արդյոք անօրինական, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց:

«Կա ՍԴ որոշում, որը վերաբերում է 300.1-րդ հոդվածին, մենք արձանագրում ենք, որ արարքում կա նաև այլ հանցակազմ, իսկ դրանով որակելու բոլոր հնարավորությունները, դրա ուղղությամբ կատարվող քայլերը անօրինական չեն կարող դիտվել, հակառակը՝ սահմանադրականության խնդիր է այն, որ նման հնարավորություն չկա, որովհետև արդյունքում ունենում ենք հանցանք ու դրա համար պատասխանատվությունից ազատված մարդ»,- ասաց նա:

Ըստ դատախազի՝ ամբաստանյալների արարքը 300.1-րդ հոդվածով է որակվել՝ պայմանավորված հատուկ և ընդհանուր նորմերի մրցակցությամբ:

«Այն ժամանակ արարքը չէր կարող որակվել 309-րդ հոդվածով, քանի որ կար 300.1-րդ հոդվածը: Չկա հիմա 300.1-րդ հոդվածը, այդ արարքը պետք է որակվի 309-րդ հոդվածով: Մեխանիզմի խնդիր կա, և մեխանիզմի խնդիրն էլ բարձրացվում է ՍԴ-ում: Դատարանին էլ առաջարկում ենք, որ ինքն էլ հարցը բարձրացնի, որ մեխանիզմի բացակայության պատճառով տուժողների իրավունքները չխախտվեն»,- ասաց նա: