Ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ ուշադրությունը պետք է փոխվի բոլոր գերատեսչությունների մակարդակով. Ավինյան |1lurer.am|
19:15 - 02 ապրիլի, 2021

Ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ ուշադրությունը պետք է փոխվի բոլոր գերատեսչությունների մակարդակով. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Կոմանդոսն իր մեծագույն դերակատարությունն է ունեցել Արցախյան առաջին պատերազմում, մեծ ներդրում է ունեցել Շուշիի ազատագրման պայքարի ժամանակ, ինքն է գլխավորել օպերացիան: Սա մեծ կորուստ էր մեզ համար: Կոմանդոսը որպես օրինակ պետք է ծառայի մեր զինված ուժերի, զինծառայողների համար, և նրա կերպարը պետք է դաջված մնա մեր պատմության մեջ: Այս մասին Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստին՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով ԶՈՒ բարեփոխումների հարցին՝ Ավինյանը նշեց, որ ներկայումս ԶՈՒ բարեփոխումների լայն հայեցակարգ է մշակվել, և ՀՀ պաշտպանության նախարարն է գլխավորում բարեփոխումների աշխատանքային խումբը:

«Կարծում եմ՝ մենք իրապես և խորքային պետք է վերանայենք մեր մոտեցումները ԶՈՒ կազմակերպման առումով, բոլոր առումներով՝ և՛ առաջին գծի մասին է խոսքը, և՛ տեխնիկայի, և՛ թիկունքի մասին: Կարծում եմ՝ փաստահավաք խումբը, որը պետք է գործի ԶՈՒ բարեփոխումների և հայեցակարգի ներքո, շատ և շատ հարցերի պատասխաններ, միտված ապագային, միտված ԶՈՒ զարգացմանը, պետք է տա»,- ասաց փոխվարչապետը՝ նշելով, որ ներկայումս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք ռազմարդյունաբերության ոլորտի վրա:

«Պատերազմի մեր փորձը ցույց տվեց, որ որոշ դեպքերում մենք կարող ենք հայտնվել բլոկադայի պայմաններում և՛ օդում, և՛ ցամաքում: Այդ իսկ պատճառով ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ ուշադրությունը և վերաբերմունքը էականորեն պետք է փոխվի բոլոր գերատեսչությունների մակարդակով, և կարծում եմ՝ ռազմարդյունաբերության ոլորտը ԶՈՒ բարեփոխումների շրջանակում շատ կարևոր դերակատարում ունի»,- նշեց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել