Ապրիլի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Աբովյան համայնք՝ տեղում ծանոթանալու «Կառուցիր Հայաստան» նախագծի շրջանակում արտադրական ազատ գոտու ստեղծման և կայուն համայնքի հիմնադրման ծրագրերին, ինչպես նաև քննարկելու համագործակցության շրջանակները։  

Աբովյանի քաղաքապետարանում, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի ներկայությամբ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ-ի տնօրեն, «Կառուցիր Հայաստան» ծրագրի համակարգող Սևակ Արծրունին ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ միջև փոխըմբռնման հուշագիր «Հայաստանում կայուն համայնքաշինության և «Կառուցիր Հայաստան» ծրագրի իրագործման խրախուսման մասին»։

 
 

Վահան Քերոբյանն իր խոսքում նշել է, որ հուշագրով էկոնոմիկայի նախարարությունը պարտավորվում է իր աջակցությունը ցուցաբերել, որպեսզի «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերությունը կառուցի մեծ արդյունաբերական և բնակելի համալիր, որտեղ պետք է հանգրվանեն բազմաթիվ բիզնեսներ, կրթական հաստատություններ և մարդիկ։ Էկոնոմիկայի նախարարը ծրագիրը շատ առաջադեմ է համարել և խնդրել է Սևակ Արծրունուն հակիրճ ներկայացնել այն։

Սևակ Արծրունին  տեղեկացրել է, որ ծրագիրը գտնվում է մեկնարկային փուլում․ արդեն ձեռք է բերվել հողի զգալի մասը՝ մոտ 70 հա,  և մեկնարկել է լոգիստիկ աշխատանքը՝ կառուցվում են գրասենյակներ, սկսվել են հողային աշխատանքները և շինարարական բազայի տեղադրումը, որից հետո, ինչպես նախատեսվել է, անմիջապես սկսվելու են արտադրական գոտու հողային աշխատանքները։

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները։ Ներկա դրությամբ 6 մլն դոլարի ներդրում է կատարվել ծրագրի մեջ։ Մինչև տարեվերջ ներդրումները կգնահատվեն 20-ից մինչև 30 մլն դոլար։ Ընդհանուր ծրագրի արժեքը, նախնական հաշվարկներով, կկազմի մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար։ 

Սևակ Արծրունին գոհունակությամբ նշել է, որ երկու ամիս առաջ Աբովյանի քաղաքապետի հետ մշակել և ստորագրել են հուշագիր և ինքն ուրախ է, որ այսօր հուշագիր ստորագրվեց նաև էկոնոմիկայի նախարարության հետ, քանի որ չափազանց կարևորում է ծրագրի իրականացման գործընթացում ՀՀ կառավարության և համայնքի մասնակցությունն ու աջակցությունը։

«Սա, անշուշտ, բիզնես է, բնականաբար, կա շահույթ հետապնդելու տրամադրություն, բայց մենք սա համարում ենք նաև հայրենիքի համար կարևոր գործ, որովհետև մեր վերջին նպատակը նաև հայրենադարձությունն է, և մենք  գիտենք, որ այս երկիրը կարելի է հզորացնել 10 մլն հայերի միջոցներով, եթե ճիշտ կազմակերպենք։ Շնորհակալ ենք, որ այսօր հասել ենք այս արդյունքին և պիտի կարողանանք ունենալ այս ձևաչափը», - իր խոսքը եզրափակել է Սևակ Արծրունին։

Այնուհետև Սևակ Արծրունին էկոնոմիկայի նախարարին, Կոտայքի մարզպետին և Աբովյանի քաղաքապետին ուղեկցել է շինարարական հրապարակ և տեղում ներկայացրել ընթացող աշխատանքները։    

«Հայփրոսփեքթ» նախագիծն իր առջև խնդիր է դրել ծրագրով նախատեսված գործընթացներում աշխատակիցների ներգրավման ժամանակ առաջնահերթություն տալ պատերազմի մասնակից, հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նաև զոհված ազատամարտիկների կանանց։ Մայիսից նախատեսվում է նրանց աշխատանքի ընդունման գործընթացն ըստ անհրաժեշտության։ Նախապատվությունը տրվելու է Աբովյան համայնքի և շրջակա գյուղերի բնակիչներին։

«Հայփրոսփեքթ» համայնքը լինելու է տարածաշրջանում առաջին բնապահպանական, էներգետիկ, տնտեսական և այլ առումներով կայուն համայնքը, որը կառուցվելու է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արզնի և Բալահովիտ համայնքների հատվածում՝ Աբովյան քաղաքի երկաթգծի կայարանից մինչև Երևան-Սևան ավտոմայրուղին տարածվող մոտ 100 հա հողատարածքի վրա։ Նախագծի նպատակն է՝ կառուցել կայուն ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր համայնք, որի շուրջ կձևավորվի արտադրական և նոր տեխնոլոգւական կենտրոնների ու դրանց հարևանությամբ գտնվող բնակելի և հասարակական տարածքների ցանց։ Այս ցանցի շուրջ՝  Հայաստանի ամբողջ տարածքում  կձևավորվեն երկրի շարունակական զարգացման կայուն պայմաններ, իսկ կայուն, նորարարական տեխնոլոգիաները տեղական աշխատաշուկայում կստեղծեն նոր աշխատատեղեր։

Նախատեսվում է, որ համայնքն իր մեջ կներառի «Հայզոն» արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի), «Հայզոն» մաքսային պահեստների գոտի, «Հայթեք պարկ» բարձր տեխնոլոգիաների հետազոտական և զարգացման կենտրոն, «Հայռանչ» գյուղատնտեսության հետազոտական և զարգացման կենտրոն, բնակելի թաղամաս՝ մինչև 10000 բնակչի համար, կրթական և առողջապահական հատվածներ, կանաչապատ գոտիներ։