Այսուհետ քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարող են օգտվել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայություններից․ ապրիլի 1-ից գործում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը։

Նոր կառույցի գործունեության մեկնարկը տրվել է Տավուշից. ՄՍԾ Դիլիջանի տարածքային կենտրոնում նախարար Մեսրոպ Առաքելյանն ազդարարել է համակարգի գործարկման մասին՝ նշելով, որ այն առավել հասցեական ու համակարգված կդարձնի ոլորտի աշխատանքները և կբարելավի սոցիալական ծառայությունների որակը․

«Տարածքային միավորումից զատ, մենք կարևորում ենք նաև սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող անձանց միասնական կարիքների գնահատումն ու առավել հասցեական ծառայությունների մատուցումը։ Այս գործընթացը միանշանակ նպաստելու է սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Սա ընդամենը բարեփոխման մեկնարկն է, քանի որ այս ուղղությամբ աշխատանքներն ահռելի են և շարունակական»,- նշել է նախարարը։

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ՄՍԾ 49 տարածքային կենտրոններում քաղաքացիներն սպառիչ ու ամբողջական տեղեկատվություն կստանան իրենց հուզող հարցերի մասին, կսպասարկվեն մեկ պատուհանի սկզբունքով՝ խնայելով ժամանակ և խուսափելով տարբեր կառույցներ այցերից։

ՄՍԾ ներդրումը հնարավորություն կտա բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու միասնական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրումը։