Զենք-զինամթերքի հայտնաբերման, ոչնչացման գործընթացն Արցախում կշարունակվի առաջիկա ամիսներին ևս
20:14 - 01 ապրիլի, 2021

Զենք-զինամթերքի հայտնաբերման, ոչնչացման գործընթացն Արցախում կշարունակվի առաջիկա ամիսներին ևս

Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով, շահագրգիռ մարմինների միջնորդությամբ ՝ ԱԻ պետական ծառայությունում հանդիպել են Արցախում ականազերծում իրականացնող կազմակերպությունները:
 
ՆԳ նախարարությունը որպես լիազոր մարմին, ներքին անվտանգության ապահովման նպատակով, համագործակցելով ՊԲ-ի և ականազերծող մյուս կազմակերպությունների հետ, նախաձեռնել է քննարկման ձևաչափով հանդիպում, որի նպատակն է միավորել բոլոր կազմակերպությունների ներուժը, և օր առաջ հանրապետության տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից: Նախապատվությունը տրվել է բնակելի տարածքներին:
 
 
Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված խոշոր ու փոքր տրամաչափի զինատեսակներն ու տարբեր, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմամթերքը, շարունակում են բնակչության կյանքի ու ազատ տեղաշարժի համար մնալ լուրջ սպառնալիք:
 
Ծառայության 911 ահազանգման կենտրոնից բացի, Արցախում գործող «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպությունը և Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամն ունեն թեժ գծեր, որոնք աշխատանքն ավելի դյուրին են դարձնում. քանի որ բնակավայրերում հայտնաբերված զինամթերքի մասին հաճախ բնակիչներն իրենք են ահազանգում:
 
 
Հանդիպմանը որոշվել է համագործակցել միմյանց հետ, ի մի բերել ունեցած հնարավորությունները, ականազերծված ու անվտանգ տարածքների մասով՝ հրապարակման համար կազմել արձանագրություններ:
 
ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին արդյունավետ փոխգործակցության, ամենօրյա տքնաջան աշխատանքի համար, նշել, որ զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման գործընթացը համատեղ կշարունակվի առաջիկա ամիսներին ևս:
 
Ականազերծված բոլոր տարածքներում ևս մեկ անգամ կկատարվի հետախուզական աշխատանք, կքարտեզագրվեն անվտանգ բնակավայրերը, գյուղատնտեսական, շինարարական ու տուրիստական նշանակության տեղամասերը, որոնք բնակչությանն իրազեկելու նպատակով կհրապարակվեն լրատվամիջոցներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել