Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի քննարկմանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կարևորել են Հայաստանում աշխատանքային իրավունքների ու արտադատական համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մեր օրակարգային հարցերից է։ Այս տարվա հուլիսից կունենանք աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ գործող վերահսկողական և աշխատանքային օրենսդրության  խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգ, որի արդյունավետ գործունեությունը կնպաստի աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը»,- նշել է Ռուբեն Սարգսյանը։

Անդրադառնալով աշխատանքային իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ընդլայնմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ ներկայումս ուսումնասիրվում է Լիտվայի աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգը։ Ռուբեն Սարգսյանը հույս է հայտնել, որ համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանում աշխատանքային վեճերի արագ և արդյունավետ լուծմանը։

ԱՄԿ-ի ներկայացուցիչները խոսել են ծրագրի շրջանակում հասցեական խորհրդատվության, անհրաժեշտ գործիքների տրամադրման ու աշխատաշուկայի ինստիտուտների իրավական համապատասխանությունն ապահովող ռազմավարական համակարգի կայացման մասին:

Կարևորվել է նաև ԱԱՏՄ-ի համար կազմակերպական կառուցվածքի և գործառնական ընթացակարգի ու դեպքերի վարման էլեկտրոնային համակարգի (ԴՎԷՀ) ներդրումը։