Պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները սոցփաթեթի շահառու չեն. նոր որոշմամբ գումար չի ավելանում, ընդլայնվում են ծառայությունները |armenpress.am|
15:38 - 01 ապրիլի, 2021

Պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները սոցփաթեթի շահառու չեն. նոր որոշմամբ գումար չի ավելանում, ընդլայնվում են ծառայությունները |armenpress.am|

armenpress.am: Պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները սոցփաթեթի շահառու չեն, սոցփաթեթի շահառուների համար կատարված փոփոխությունը վերաբերում է բացառապես հնարավորությունների, ծառայությունների ընդլայնմանը, նոր գումարներ չեն հատկացվում, նոր անձինք սոցփաթեթի համակարգում չեն ընդգրկվում: Նման դիտարկում արեց ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը․ պարզաբանումը ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ կառավարության կողմից ապրիլի 1-ի նիստում ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխության առնչությամբ սոցցանցերում առաջացած թյուրըմբռնման պատճառով:

Ոչ պաշտոնյաներ են ավելացել, ոչ պետական բյուջեից հավելյալ գումար է տրամադրվել. ՀՀ կառավարությունը հավանությանն է արժանացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սոցփաթեթի ծառայությունների ուղղություններն ավելացնել ևս երկուսով: Ներկայում այդ ուղղությունները 4-ն են, որոնց առաջարկվում է ավելացնել ևս երկուսը: Փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել և գործել, երբ կընդունվի կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով կհաստատվեն ընթացակարգերը:

«Սոցփաթեթի շահառուները բարձրաստիճան պաշտոնյանները չեն: Վարչապետը, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, ՍԴ նախագահ և այլն. նրանք չեն համարվում սոցփաթեթի շահառու: Այս ծրագիրը միջին և դրանից ներքև օղակի աշխատողների համար է: Շահառու են համարվում պետական համակարգի աշխատողները, ինչպես նաև կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության, գիտության ոլորտի մի շարք աշխատողներ: Օրինակ, թանգարանների, գրադարանների, հանրակրթական ուսումնական հաստատությունների, Մատենադարանի, Հայկական ատոմակայանի , սոցիալական հոգածության կազմակերպությունների աշխատողներ»,-ասաց Ժորա Սարգսյանը: Նրա խոսքով, շահառու են համարվում նաև ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատվավոր կոչման արժանացած անձինք, որոնք նույնիսկ այս պահին աշխատող էլ չեն:

Հաջորդ կարևոր շեշտադրումն այն է, որ սա բացարձակապես պետական բյուջեի միջոցների վրա ծախս չի ավելացնելու, որովհետև ոչ թե գումարն է ավելացվում, այլ հնարավորությունները, այն է՝ սոցփաթեթի գումարը հնարավոր կլինի ուղղել ուսանողների վարկը մարելուն և առողջարանական համալիրների ծառայություններից օգտվելուն: Ընդամենը եղած 4 ուղղությանն ավելանում է ևս երկուսը, հետևաբար խոսք լինել չի կարող այն մասին, որ սոցփաթեթի շահառուների ընտանիքների համար հավելյալ սոցփաթեթ է սահմանվում: Ավելին, ինչպես գործող կարգավորումներով սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները կարողանում էին օգտվել այդ 4 ուղղությունից, այնպես էլ երկու ուղղությունն ավելացնելուց հետո նրանք նույնպես կարող են օգտվել:

Անդրադառնալով այն հարցին, որ ատամնաբուժական ծառայությունների առաջարկը ներառված չէր այս փաթեթում, Ժորա Սարգսյանը նշեց, որ դա արվելու է ոչ թե օրենսդրական փոփոխությամբ, այլ կառավարության որոշմամբ:

«Այս մասով փոփոխությունը ոչ թե օրենքում է նախատեսվել, այլ կառավարության որոշմամբ: Օրենքում արդեն իսկ գրված է, որ սոցփաթեթի գումարներով կարող են օգտվել առողջապահական ծառայություններից, ու քանի որ ատամնաբուժականը առողջապահական ծառայություն է, հետևաբար օրենքում փոփոխություն անելու կարիք չկա: Անհրաժեշտություն կա կառավարության որոշմամբ դա ընդունելու: Այնպես էր այդ առաջարկը նույնպես ուժի մեջ է»,-ասաց Ժորա Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել