Կառավարությունը փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում. ԿԳՄՍ նախարարը մանրամասներ ներկայացրեց |armtimes.com|
13:39 - 01 ապրիլի, 2021

Կառավարությունը փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում. ԿԳՄՍ նախարարը մանրամասներ ներկայացրեց |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց այս տարվա բուհերի ընդունելության կարգում:

Հարցը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընդունելությունը կկատարվի երկու փուլով. «Առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը եւ կընտրեն կոնկրետ մասնագիտությունը՝ կլրացնեն հայտը: Բոլոր դիմումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվեն մրցույթի արդյունքները, ինչպես նաեւ կհայտարարվի թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ բուհերի եւ մասնագիտությունների»:

Նրա խոսքով՝ երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն հանձնել է. «Երկրորդ փուլով կանցկացվի մրցույթը առավել բարձր բալ ստացած ուսանողների միջեւ: Դրանով կավարտվի ընդունելությունը»:

Նախարարը հավելեց, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, երբ համաճարակային պայմաններից ելնելով՝ որոշվեց ընդունելության միայն մեկ քննություն անցկացնել, այս տարի կանցկացվի 2-ից ոչ ավելի քննություն:

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արձանագրում են հետեւյալը, որ դիմորդը առաջին փուլով կարող է դիմել մեկ բուհ, մեկ վճարովի եւ մեկ անվճար տեղ ընդունվելու համար՝ նույն մասնագիտությամբ:

«Հիմա ընդունելության քննություններն ավարտվեցին, եւ պարզվեց, որ դիմորդը չի ընդունվել ո՛չ վճարովի, ո՛չ անվճար տեղերը: Սրանից հետո նա կարող է իր ունեցած բալերով մասնակցել երկրորդ փուլին իր հանձնած քննություններով: Եթե երկու առարկային հավաքել է անցողիկ բալ այն ֆակուլտետում, որտեղ այդ քննություններն են համարվում ընդունելության քննություններ, նա կարող է դիմել եւ ընդունվել այդ ֆակուլտետ: Դիմորդը երկրորդ փուլում կարող է 6 տեղի համար հայտ ներկայացնել»,- ներկայացրեց վարչապետը:

Վահրամ Դումանյանը հայտնեց, որ այս տարի բուհերում անվճար տեղերի քանակը 2918 է, իսկ վճարովի տեղերի քանակը 22 հազար 300 է. «Ընդունելության կարգի կազմակերպման հետ կապված ուզում եմ տեղեկացնել, որ ԳԹԿ-ն արդեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել, գործընթացն ակտիվ փուլում է»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թղթային եղանակով դիմումներ չեն լինելու, ինչը թվայնացման քաղաքականության շրջանակներում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել