Առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 20 մլրդ դրամով. վարչապետ |armenpress.am|
12:12 - 01 ապրիլի, 2021

Առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 20 մլրդ դրամով. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ  դրամով, առևտրի շրջանառությունը նույնպես  էական աճ է արձանագրել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով. նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 122 մլրդ դրամ:

«Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, գործարքների թվով՝ 6,2 մլն հատ: Հարկային եկամուտների մասով նշեմ, որ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրվել է 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև  դրոշմանիշների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ, և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այսպիսով առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 8 տոկոսով: Մարտին աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի արդյունքներից ելնելով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի տարեկան եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել