Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|
15:38 - 31 մարտի, 2021

Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի տարեկան զեկույցում Ռուսաստանի վերաբերյալ հրապարակված եզրահանգումների հետ:

«ԱՄՆ պետական դեպարտամենտի այդ փաստաթղթում պարբերաբար տեղ են գտնում նույն պնդումները, կախված մեր երկու երկրների հարաբերությունների վիճակից՝ դրանց սրությունը մերթ աճում է, մերթ նվազում, իհարկե, համաձայն չենք այդ ամենի հետ և դրա նկատմամբ ունենք համապատասխան վերաբերմունք»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Երեկ հրապարակված «Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին» զեկույցում ԱՄՆ պետական դեպարտամենտը քննադատել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների իշխանությունների կողմից մարդու իրավունքները ոտնահարելու գործելակերպը:

Զեկույցի ռուսաստանյան բաժնում պետական դեպարտամենտը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանում քաղաքական համակարգը ավտորիտար է և չափից շատ կենտրոնացված, իսկ խորհրդարանը կախված է գործադիր իշխանությունից»:

Բացի այդ, զեկույցում ասվում է, թե «Սահմանադրությունը լրամշակելու հարցով անցյալ տարի տեղի ունեցած համազգային քվեարկությունը չի համապատասխանել միջազգայնորեն ճանաչված ընտրական չափանիշներին»:

ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում որպես մարդու իրավունքների ոտնահարման օրինակներ են նշվել Ալեքսեյ Նավալնիի դատական գործը, Ղրիմի բռնազավթումը և իրավիճակը Չեչնիայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել