Կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը. Այվազյան |1lurer.am|
13:00 - 29 մարտի, 2021

Կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը. Այվազյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը ներկայացրեց 2020 թվականի Կառավարության ծրագրի արտաքին գործերի գերատեսչության կատարողականի զեկույցը:

Նախարարը նշեց, որ նախորդ տարի Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում Հայաստանը ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այվազյանը նախ անդրադարձավ 2020 թվականի հունվարին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպմանը, հետո՝ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպմանը, որի արդյունքում համանախագահները կողմերին կոչ էին արել խստորեն հետևել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին, ինչից դժգոհ էր մնացել Ադրբեջանի նախագահը՝ աշխատանքից ազատելով այդ փաստաթուղթը ստորագրած արտգործնախարարին՝ դրանով ազդարարելով խաղաղ գործընթացի տապալման իր հանձնառությունը:

«Ադրբեջանը նախ ուժ կիրառեց Տավուշի շրջանի սահմանամերձ հատվածում՝ անցած տավա հուլիսի կեսերին, ապա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների օգնությամբ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիա, որը տապալեց  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով անցկացվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ գործընթացը, խաթարեց տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը»,- նշեց նախարարը:

ԱԳՆ-ն մեծածավալ աշխատանքներ է իրականացրել միջազգային հանրության կողմից ամրագրելու Ադրբեջանի՝ ագրեսիան հրահրողի կերպարը, ապահովելու միջազգային հանրության դիրքորոշումը ռազմական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների ներգրավման մասին, մեծացնելու դիվանագիտական ճնշումը թուրք-ադրբեջանական դաշինքի վրա, դադարեցնելու ռազմական գործողությունները՝ նշեց Այվազյանը:

«Տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ գործակցության ամրապնդումը: Միաժամանակ, դրանք ցույց տվեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,- նշեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել