azatutyun.am: Նիկոլ Փաշինյանն ուժային մեթոդներով և ոչ թե օրենքով է պահում իր իշխանությունը, կարծում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նա կաշառեց ոստիկանությանը, բայց եթե կաշառք տալիս են, պարտադիր չի, որպեսզի դիմացինն անի այն, ինչ ուզում ես: Ազգային անվտանգության ծառայությունը դարձավ Նիկոլի անվտանգության ծառայություն այս պայմաններում, երբ որ մենք շրջապատված ենք թշնամիներով», - այսօր Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Մանուկյանը:

Ըստ նրա` խաղաղ ցույցերով դա չի լուծվի. «Ուժին պետք է հակադրել ուժ: Մենք պետք է կարողանանք ստեղծել ուժ: Պետք է աշխատենք ամեն օր, զբաղվենք քարոզչական գաղափարական աշխատանքով, կազմակերպչական աշխատանքով, պետք է գնանք շրջաններ, հանդիպենք և ամեն տեղ ստեղծենք մեր կառույցները, և մի օր, մի իքս օր ամբողջ ժողովրդով կբարձրանանք ու մեկ, երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ: Այսօրվանից մենք նախապատրաստվելու ենք այդ իքս օրվան: Ուժին պետք է հակադրել ուժ, խաղաղ խոսակցությունները չեն օգնի», - համոզմունք հայտնեց ընդդիմադիր գործիչը:

Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց, որ սկսում են մարզային այցելություններ: Նա նշեց, որ իրենց նպատակն է «վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հեռացման համաժողովրդական պահանջն ավելի կազմակերպել և հասնել հրաժարականի օրվան»։