Քրեական պատասխանատվություն` ֆեյքերի կեղծ տեղեկությունների, վիրավորանքի և զրպարտության համար. Ալեն Սիմոնյանի նախագիծը |hetq.am|
13:08 - 27 մարտի, 2021

Քրեական պատասխանատվություն` ֆեյքերի կեղծ տեղեկությունների, վիրավորանքի և զրպարտության համար. Ալեն Սիմոնյանի նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ֆեյքերի (կեղծ աղբյուրներ) կեղծ տեղեկությունների համար: Իշխող ուժի ներկայացուցիչը փոփոխություններ է առաջարկում քրեական,  քրեական դատավարության և քաղաքացիական օրենսգրքերում, ինչպես նաև` «Զանգվածային լրատվության մասին» օրենքում:

Պատգամավորն առաջարկում է քրեական օրենսգրքում առանձին հոդվածներով քրեական պատասխանատվություն նախատեսել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ կեղծանուն աղբյուրի միջոցով (դիտավորությամբ) համացանցում ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու և համացանցում կեղծանուն աղբյուրի միջոցով անձին վիրավորելու կամ զրպարտելու համար:

Ըստ այդ նախագծի` վերոնշյալ արարքի համար կարող է սահմանվել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով տուգանք (50 հազարից 100 հազար դրամ):

Նույն արարքը, որը կատարվել է՝

  • շահադիտական նպատակներով,
  • մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ կամ
  • վարչական ռեսուրսի օգտագործմամբ
  • հինգ կամ ավել կեղծանուն աղբյուրների միջոցով

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից 1 միլիոն)՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

Առաջին հոդվածի հատկանիշներով արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից պատժվում է ազատազրկմամբ մեկից երեք տարի ժամկետով:

Նույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը չորս տարի ժամկետով կամ առանց դրա:

Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև նաև կեղծանունով անձին վիրավորելու կամ զրպարտելու համար:

Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (200հազարից 500 հազար):

Նույն արարքը, որը կատարվել է`

  •  շահադիտական նպատակներով,
  • մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ,
  • վարչական ռեսուրսի օգտագործմամբ,
  • հինգ կամ ավել կեղծանուն աղբյուրների միջոցով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

Վերոնշյալ արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ երկուսից չորս տարի ժամկետով:

Առաջարկվում է նաև ԶԼՄ օրենքում կեղծանուն աղբյուրի սահմանումը տալ, ըստ որի՝ այն համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ բջջային հավելվածի օգտահաշիվ կամ ալիք է, որի տնօրինողի նույնականացման տվյալները հրապարակված չեն նույն աղբյուրում կամ հանրահայտ չեն:

Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության և անձի արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ:

«Ըստ էության, վերջին տարիներին ի հայտ եկած դրսևորումներն ունեն բարձր հանրային վտանգավորություն, և առաջացել է դրանք քրեական օրենքով արգելելու կարիքը: Ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ անձանց վիրավորելը, վարկաբեկելը, զրպարտելը, բարի համբավը ոտնահարելը, ատելություն տարածելն իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում»,-նշվում է նախագծում:

Նշվում է նաև, որ վերջին տարիներին թե՛ աշխարհում և թե՛ Հայաստանի Հանրապետությունում էապես ավելացել են ապատեղեկությունները, որոնց էական մասը պետական անվտանգության համար էական վտանգ են հանդիսանում և խախտում անձանց պատվի ու բարի համբավի իրավունքը:

«2020 թվականին այդ ցանկին միացավ նաև հանրության առողջությությունը խոցող ապատեղեկությունները, որոնց արդյունքում էական թվով մարդիկ մահացան, քանի որ հանրության որոշ հատված ապատեղեկատվության թիրախ դարձավ և հավատալով դրան պակաս հետևեց սանիտարական կանոններին՝ դրանից բխող ողբերգական հետևանքներով»,-ասվում է նախագծում:

Ըստ Սիմոնյանի համոզման` Արցախյան պատերազմի ընթացքում պարզ է դարձել նաև, որ նույնականացման ոչ ենթակա ապատեղեկություններ տարածող աղբյուրների էական մասի հետևում կանգնած է Ադրբեջանի Հանրապետությունը և նպատակ է հետապնդում վնասել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը: Իսկ նշված ապատեղեկությունների էական մասը հրապարակվել է այնպիսի աղբյուրների կողմից, որոնց նույնականացումն ընթերցողի կողմից անհնար է, և որոնք ԶԼՄ օրենքի իմաստով չեն հանդիսանում զանգվածային լրատվամիջոց, այլ կերպ կոչվում են «ֆեյք»:

Հիշեցնենք, որ վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացվել են 2010 թվականին, և սահմանվել է զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցում ստանալու իրավունքը:

Ըստ նախագծի հեղինակի` անձանց պատվի, արժանապատվության ու գործարար համբավի իրավունքը ոտնահարելու դիտավորություն ունեցող անձինք սկսել են կեղծ տեղեկություններ տարածել հենց ընթերցողի կողմից նույնականացման ոչ ենթակա աղբյուրների միջոցով, որի մեխանիզմները գործնականում ազդեցիկ են դարձել վերջին տարիներին՝ համացանցի և բջջային հավելվածների տարածման արդյունքում: Դրա հետևանքով քաղաքացիները զրկվում են նման աղբյուրներով տարածված զրպարտության ու վիրավորանքի դեմ պայքարի մեխանիզմից, քանի որ քաղաքացիական դատավարության սահմաններում հնարավոր չէ պարզել, թե ով պետք է լինի պատասխանողը:

Նախագծում նշվում է, որ ի հայտ եկած այս նոր դրսևորման պայքարը և անձանց՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության սահմանադրական իրավունքի պաշտպանության միակ ուղին քրեական քաղաքականությունն է` նման դրսևորումների քրեականացման միջոցով:

Խորհրդարանն անցնող քառօրյայի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը, ըստ որի վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը ավելացավ՝ վիրավորանքի համար դառնալով մինչև 3 միլիոն, զրպարտության համար` մինչև 6 միլիոն դրամ:

Շարունակությունը՝    hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել