Արցախի նախագահի հետ քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները
19:06 - 26 մարտի, 2021

Արցախի նախագահի հետ քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին Երևանում հանդիպել է Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի շարք համայքների ղեկավարների ու բնակիչների հետ։

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ քննարկվել են վերջին պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները, ինչպես նաև սոցիալական բնույթի մի շարք այլ հարցեր։

Հարությունյանն ընդգծել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը տեղահանված քաղաքացիներին հուզող սոցիալական հրատապ խնդիրներին հնարավորինս կարճ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարության հետ վերջին օրերին ձեռք է բերվել պայմանավորվածություն­, համաձայն որի՝ շուտով կմեկնարկեն պատերազմի ընթացքում քաղաքացիների անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցմանն ուղղված աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներքին և արտաքին մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու երաշխիքները։ Նախագահը շեշտել է, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը Արցախի իշխանությունների օրակարգի առանցքային հարցերից մեկն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել