Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավորը դիմել է ԲԴԽ |azatutyun.am|
13:29 - 26 մարտի, 2021

Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավորը դիմել է ԲԴԽ |azatutyun.am|

azatutyun.am: Իրավունքի ուժով ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանը երեկ երեկոյան դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), այս մասին ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Իր անհանգստությունը ԲԴԽ-ին ներկայացրած դատավորն անցած շաբաթ քննելով Օնիկ Գասպարյանի դիմումը ընդդեմ հանրապետության նախագահի և վարչապետի միջանկյալ որոշում էր կայացրել, որից բխում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը դեռ Գասպարյանն է:

Վարդազարյանն ասաց, որ իրենք անհանգստանալու հիմք և ռեալ սպառնալիքներ չեն տեսել։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ ազդակներ են եղել անհանգստանալու համար, Վարդազարյանը չմեկնաբանեց։

Վերջերս էլ մամուլը գրել էր, որ ԱԱԾ-ն այցելել է դատավորին, փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ, բայց, ինչպես դատավորն էր փոխանցել, ԲԴԽ դիմելուց հետո այցը ընդհատվել էր։

Նշենք՝ Գասպարյանը դատարանում վիճարկում էր իր պաշտոնանկությունը։ Օրերս հայտնի դարձավ, որ Օնիկ Գասպարյանի դիմումը քննելով՝ վարչական դատարանը որոշել է բավարարել նրա միջնորդությունը, որով Գասպարյանն ու փաստաբանը դատարանին խնդրել են մինչև այս գործը ըստ էության քննելը Գասպարյանին համարել ԶՈւ գլխավոր շտաբի պետ։ Ի պատասխան՝ կառավարությունը պարզաբանեց՝ «Օնիկ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից, ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։

Արտակ Դավթյանը մարտի 22-ին իրավունքի ուժով դարձավ Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել