Պատերազմից հետո եկեղեցու ավերումն ապացուցում է Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ
18:39 - 25 մարտի, 2021

Պատերազմից հետո եկեղեցու ավերումն ապացուցում է Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանցիների կողմից պատերազմից հետո Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն։ Այս մասին հայտարարությամբ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՀՀ ՄԻՊ-ը նախ հիշեցրել է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, ապա ընդգծել, որ եկեղեցու ավերելու փաստը հաստատվում է BBC World News լրատվամիջոցի հրապարակումով (Nagorno-Karabakh: The mystery of the missing church):

«Դեռ պատերազմի ժամանակ էին ադրբեջանական զինվորականները հրապարակել տեսանյութ, թե ինչպես են նրանք ցինիզմով անարգանքի, վանդալիզմի ենթարկում հայկական եկեղեցին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել ու վերլուծել է տեսանյութը, որը բացահայտ վկայում է կրոնական ատելության և հայկական եկեղեցին քանդելու մտադրության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Արման Թաթոյանն ակնհայտ է համարել այն փաստը, որ եկեղեցին ավերվել է ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանց դադարից հետո:

«Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում:

Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն»,- շեշտել է ՀՀ մարդու իրավուքնների պաշտպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել