Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը
16:48 - 25 մարտի, 2021

Կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը

Մարտի 25-ին առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երրորդ նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրոպական Միության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության բաժնի պետի տեղակալ Մարկո Դյերկոպը: Նիստին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն, վեճերի կարգավորում:

Ներկայացվել և քննարկվել են նաև Համաձայնագրի հոդված 237-ով ամրագրված՝ «Կոնյակ» աշխարհագրական նշման վերաբերյալ դրույթների իրականացման գործընթացին առնչվող հարցեր ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել են մարտի 24-ին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:  

Նիստի օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ կողմից իրականացվող դիտանցմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Միջոցառման ավարտին հաստատվել են նիստի ընթացքում քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ ձևավորված Գործառնական եզրակացությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել