Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.3 տոկոսով. նախարարի կարծիքով՝ տնտեսությունը գրեթե վերականգնվել է |armtimes.com|
16:01 - 25 մարտի, 2021

Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5.3 տոկոսով. նախարարի կարծիքով՝ տնտեսությունը գրեթե վերականգնվել է |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի փետրվարին 2020-ի փետրվարի համեմատ նվազել է 5.3 տոկոսով:

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

 

Աճ է արձանագրել սպառողական գնաճը՝ 5.3 տոկոս, արդյունաբերական արտադրանքի գնաճը կազմել է 7 տոկոս: Աճել է նաեւ շինարարության ծավալները՝ 1.1 տոկոսով եւ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 0.9 տոկոսով:

Մնացած ցուցանիշները շարունակում են անկում արձանագրել։ Ամենամեծ նվազումն արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ 13.7 տոկոս, դրան հաջորդում է ծառայությունների ծավալի նվազումը (առանց առեւտրի)՝ 12.2 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները նվազել են՝ 9.5 տոկոսով, ընդ որում սա հիմնականում պայմանավորված է ներմուծման նվազմամբ. արտահանումը նվազել է 2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.6: Առեւտրի շրջանառությունը նվազել է 7.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 5.1:

Ընդհանուր առմամբ՝ հունվար-փետրվարին՝ 2020-ի նույն ամիսների համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.7 տոկոս անկում:

ՎԿ-ի փետրվարի ցուցանիշներին անդրադարձել է նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով. «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել