Ինչպես է Ալիևի մտերիմ գործարարը ձեռք բերել տարածաշրջան ինտերնետ մատակարարող ընկերության բաժնետոմսերը
20:45 - 25 մարտի, 2021

Ինչպես է Ալիևի մտերիմ գործարարը ձեռք բերել տարածաշրջան ինտերնետ մատակարարող ընկերության բաժնետոմսերը

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի՝ ինտերնետ ծառայություններ մատուցող խոշորագույն ըներության՝ «Caucasus Online»-ի 100% բաժնետեր է դարձել միջազգային NEQSOL ընկերությունը, որի սեփականատերն ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովն է։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն հայտնեց, որ վրացական ընկերության միջոցով Հայաստան հասնող ինտերնետ տրաֆիկի զգալի մասը փաստացի կլինի ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Infocom-ը ներկայացնում է, թե ինչ նշանակություն ունի «Caucasus Online»-ը մեր տարածաշրջանի համար, և ինչպես է NEQSOL-ը դարձել ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր։


«Caucasus Online» ընկերությունը
ձևավորվել է 2006 թվականին։ 2008-ից «Caucasus Online»-ը Սև Ծովի հատակով անցնող 1200 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի միանձնյա սեփականատերն է։ Մալուխի միջոցով ինտերնետը Եվրոպայից հասցվում է Հարավային Կովկաս և Կասպից տարածաշրջան։ 2010-ից ընկերությունը մուտք է գործել Հարավային Կովկաս՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք։

Մինչև 2019 թվականը «Caucasus Online»-ի 100% բաժնետոմսերը պատկանում էին գործարար Խվիչա Մակացարիային: 2019-ին գործարարն իր բաժնետոմսերի 49%-ը վաճառեց NEQSOL ընկերությանը։

NEQSOL-ը Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում և այլ երկրներում գործունեություն ծավալող ընկերություն է, որի սեփականատերն ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովն է։ Հասանովի անունը կապվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այսպես, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP)` 2016-ին հրապարակված հետաքննություններից մեկը պատմում էր Ալիևի ընտանիքի և հարազատների անուններով գրանցված կազմակերպությունների անօրինական գործունեության մասին։ Այդ կազմակերպություններից մեկն էլ գրանցված էր հենց այն նույն Նասիբ Հասանովի անունով, որին պատկանող ընկերությունը 2019-ին ձեռք բերեց «Caucasus Online»-ի բաժնետոսմերի 49%-ը։

Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը (Georgian National Communication Commission), որը Վրաստանի հեռարձակման և էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտը վերահսկող մարմինն է, պահանջեց, որ «Caucasus Online»-ի բաժնետոմսերը վերադարձվեն նախկին սեփականատիրոջը։ Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ գործարքն անօրինական է, քանի որ հանձնաժողովն այն նախապես հավանության չի արժանացրել։ Երբ բաժնետոմսերը չվերադարձվեցին, Հաղորդակցության ազգային հանձնաժողովը տուգանեց «Caucasus Online» ընկերությանը։

2020-ի ամռանը Վրաստանում օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ Հաղորդակցության ազգային հանձնաժողովը հնարավորություն ստացավ հեռահաղորդակցական ընկերություններում նշանակելու «հատուկ մենեջերներ»։

Օրենսդրական այս փոփոխությունները Վրաստանում սուր քննադատության արժանացան, Վենետիկի հանձնաժողովը ևս դրական չարձագանքեց, սակայն հետագայում պարզ դարձավ, որ հանձնաժողովին այսպիսի լիազորություն տալու հիմնական պատճառն, ըստ երևույթին, «Caucasus Online» ըներկության բաժնետոմսերի մի մասի վաճառքն էր NEQSOL-ին։

Այսպիսով, Հաղորդակցության ազգային հանձնաժողովը 2020-ի աշնանը Մարիամ Սուլաբերիձեին մեկ տարով որպես հատուկ մենեջեր նշանակեց «Caucasus Online»-ում։ Իսկ հատուկ մենեջերն ունի լայն լիազորություններ, այդ թվում՝ ընկերության տնօրենին ազատել-նշանակելու, ընկերության պայմանագրերն ու գործարքները դատական կարգով չեղարկելու լիազորություններ։

««Caucasus Online»-ը ավելի քան մեկ տարի գործում է իր բաժնետոմսերի ապօրինի օտարման պայմաններում, ինչը սպառնում է վնասել Վրաստանում ինտերնետ ծառայությունների շուկայի մրցակցային միջավայրը, ինչպես նաև ազդել ինտերնետ ծառայությունների գնի վրա։ Կարևոր է նաև, որ այս անօրինական գործարքը կարող է բացասական ազդեցություն ունենալ Վրաստանում տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց ստեղծելու համատեքստում»,- ասված էր հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։

«Caucasus Online»-ի նախկին սեփականատեր Մամիա Սանադիրաձեն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե NEQSOL-ը վերահսկողություն ունենա Եվրոպայից Ասիա ինտերնետ փոխադրող մալուխի՝ Վրաստանին պատկանող հատվածի վրա, ամենայն հավանականությամբ կփորձի սևծովյան մալուխը միացնել անմիջապես Բաքվին, ինչից հետո Վրաստանին ինտերնետ կմատակարարվի Բաքվից։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2020-ի օգոստոսի 26-ի ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողներից մեկի՝ «Caucasus Online»-ի բաժնետոսմերի օտարման վերաբերյալ հարցին, նշել էր․ «Որոշակի շեշտադրումներ կան Հայաստանի ինֆորմացիոն անվտանգության հետ կապված, որոշակի մտահոգություններ կան ինտերնետի հասանելիության հետ կապված։ Ես չէի ցանկանա, որ մենք չափազանցություններ կիրառենք այս մասով։ Մեր վրացի գործընկերները պրոցեսի մեջ են, ես չէի ցանկանա նույնիսկ դա մեկնաբանել, որովհետև դա իրենց երկրում կոմերցիոն գործարքի և կարգավորվող գործարքի ընթացք է, որին մենք ուշադիր հետևում ենք»։ 

NEQSOL-ը «Caucasus Online»-ում հատուկ մենեջերի նշանակումից հետո հայտարարեց, որ բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը համապատասխանում է Վրաստանի օրենսդրությանը և դիմեց Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes)՝ հարցը լուծելու համար։

Իսկ արդեն երեկ հայտնի դարձավ, որ Խվիչա Մակացարիան համաձայնել է իր մնացած 51% բաժնետումսերն էլ վաճառել NEQSOL ընկերությանը։

Այսպիսով, տարծաշրջանի՝ ինտերնետ ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերություններից մեկը, որի միջոցով ինտերնետ է հասցվում նաև Հայաստան, այս պահին 100%-ով պատկանում է ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովին։

Լուսանկարը՝ jamestown.org-ի

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել