armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ այս նախաձեռնության պատճառ է հանդիսացել այն, որ իրենց են դիմել պատերազմի մասնակից ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն ունեն կռվելու փորձ, ֆիզիկական բարձր պատրաստություն, բայց օրենսդրությունն արգելում է նրանց ներգավվել պայմանագրային զինվորական ծառայության մեջ:

Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45-ից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը: Ըստ Մարուքյանի՝ դա հնարավորություն կտա մարդկանց Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ոչ թե լքել համայնքները, գնալ արտագնա աշխատանքի, այլ անցնել պայմանագրային զինծառայության:

«Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ հանձնաժողովի և կառավարության առաջարկները քննարկենք ու ընդունենք: Մենք, բնականաբար, պատրաստակամություն ենք հայտնել առաջարկները քննարկելու և ընդունելու»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ-ն պատրաստ է քննարկել 63 տարեկանի շեմը իջեցնելու հարցը: Գործող օրենքով բարձրաստիճան զինվորականները կարող են ծառայել մինչև 63 տարեկան: Նախագծով առաջարկվում է այն դարձնել 65: