Արարատ Միրզոյանը սխալվում է․ պատգամավորները պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին
12:17 - 24 մարտի, 2021

Արարատ Միրզոյանը սխալվում է․ պատգամավորները պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին

Երեկ՝ մարտի 23-ին, Աժ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն խոսեց «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ստացած պարգեւավճարների մասին։ Նա, մասնավորապես, նշեց․ «45 մլն դրամ պարգեւավճար է ստացել պարոն Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Մի անգամ տեսե՞լ եք, որ այդ մարդիկ դրա համար խոսեն։ Ընդհակառակը՝ դեմ են խոսել։ Մի 20 մլն էլ պարոն Մարուքյանն է ստացել եւ իր խմբակցությունը, բայց որեւէ մեկս չենք ասել, որ դա լրացուցիչ գործիքակազմ է»։

Գաբրիելյանին հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ ասելով․ «Չգիտես՝ ինչու, պարոն Գաբրիելյանը չհնչեցրեց, որ մեկ տարի շարունակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց պարգեւավճարները անցյալ տարի գարնանը փոխանցում էին պանդեմիայի ֆոնդին, դե պարզ է, որ պատերազմը սկսեց՝ պատերազմի ֆոնդին»։

Աբովյանի այս ելույթից հետո դահլիճում վերջինիս ու Սիսակ Գաբրիելյանի միջեւ բանավեճ սկսվեց, որն էլ ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ իր հերթին խոսելով ծավալված թեմայի մասին։ Միրզոյանն ասաց, թե Ազգային ժողովի պատգամավորները վերջին անգամ պարգեւավճար ստացել են 2020 թվականի փետրվար ամսի համար, եւ որ դրանից հետո Ազգային ժողովի որեւէ պատգամավոր պարգեւավճար չի ստացել։ 

Նախ նշենք, որ պատգամավորները պարգեւավճար ստանում են Ազգային ժողովի նախագահի կարգադրության համաձայն, որն էլ բաց տվյալ է, եւ յուրաքանչյուր ոք կարող է ստուգել ԱԺ նախագահի կարգադրությունները՝ մուտք գործելով Ազգային ժողովի կայքի «ԱԺ նախագահի որոշումներ, կարգադրություններ» բաժին։

Այսպիսով՝ կայքից տեղեկացանք, որ նախագահի կարգադրությամբ 2020 թվականի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները պարգեւատրվել են 4 անգամ՝ փետրվարի 4-ի, մարտի 3-ի, մարտի 25-ի եւ սեպտեմբերի 18-ի կագրադրությունների համաձայն։

Փետրվարի 4-ին Ազգային ժողովի պատգամավորները պարգեւատրվել են պաշտոնային դրույքաչափի 30 %-ի չափով, որն, ըստ ամենայնի, տրամադրվել է հունվար ամսվա համար։ 

Հաջորդ կարգադրությունը, ինչի մասին խոսեց Արարատ Միրզոյանը, եղել է մարտի 3-ին, որի համաձայն՝ պատգամավորները դարձյալ պարգեւատրվել են իրենց պաշտոնային դրույքաչափի 30 %-ի չափով։ Այս դեպքում կարող ենք ենթադրել, որ սա տրամադրվել է փետրվար ամսվա համար՝ ինչպես նշեց Միրզոյանը, սակայն սա վերջինը չէր։ 

Նույն ամսվա ընթացքում՝ մարտի 25-ին, Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորները պարգեւատրվել են միանվագ դրամական աջակցությամբ՝ իրենց պաշտոնային դրույքաչափի 30%-ի չափով։ Սակայն հարկ է նշել, որ հենց այս նույն կարգադրության համաձայն՝ նշված պարգեւատրումներից պատգամավորների համաձայնությամբ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական ֆոնդին։

Եւ բացի նախորդ երեք պարգեւատրումների կարգադրություններից՝ կա եւս մեկը, որի մասին ԱԺ նախագահը մոռացել է։ Սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորները դարձյալ պարգեւատրվել են, բայց եթե նախորդ երեք պարգեւատրումները եղել են պաշտոնային դրույքաչափի 30%-ի չափով, ապա այս անգամ պաշտոնային դրույքաչափի 75%-ի չափով։

Այսպիսով՝ Արարատ Միրզոյանի հնչեցրած միտքը, թե պատգամավորները վերջին անգամ պարգեւավճար են ստացել 2020 թվականի փետրվարի համար, իրականությանը չի համապատասխանում, քանի որ հենց իր կարգադրությամբ նրանք պարգեւավճար են ստացել նաեւ 2020 թվականի սեպտեմբերին։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել