Ժամկետային զինծառայողը խաբեությամբ խոշոր գումար է շորթել ԱՄՆ քաղաքացուց
20:13 - 23 մարտի, 2021

Ժամկետային զինծառայողը խաբեությամբ խոշոր գումար է շորթել ԱՄՆ քաղաքացուց

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը 2020թ. դեկտեմբերից մինչև 2021 թ. փետրվար ամիսը զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատճառաբանություններով, խաբեության միջոցով, օգնություն ստանալու պատրվակով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ից բանկային փոխանցումներով ստացել է 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստի առթիվ նախապատրաստված նյութերից պարզվել է, որ N զորամասի ժամկետային զինծառայող Մ.Ք.-ն, սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով ԱՄՆ քաղաքացի Հ.Թ.-ի հետ, նշված ժամանակահատվածում տարբեր պատճառաբանություններով նրանից խաբեությամբ ստացել է գումարներ, որից հետո իր ծանոթներ Վ.Ղ.-ի և Ա.Հ.-ի հետ նախօրոք համաձայնության գալով, կեղծ օգտատիրոջ անվան տակ, խաբեությամբ և շորթմամբ Հ.Թ-ից գումարներ է պահանջել, որոնք բանկային փոխանցումներով ուղարկվել են քաղաքացիներ Մ.Ա.-ին և Ա.Ա.-ին, իսկ վերջիններս էլ իրենց փոխանցված գումարները, նախնական պայմանավորվածության համաձայն, տվել են հիշյալ անձանց:

Բացատրություններ են տվել N զորամասի ժամկետային զինծառայող Մ.Ք.-ն, քաղաքացիներ Վ.Ղ.-ն, Ա.Հ.-ն և Ա.Ա.-ն: Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել