Մեսրոպ Առաքելյանը հայտնում է Զբաղվածության պետական գործակալությունն ամբողջովին բարեփոխելու աշխատանքների մասին
16:33 - 23 մարտի, 2021

Մեսրոպ Առաքելյանը հայտնում է Զբաղվածության պետական գործակալությունն ամբողջովին բարեփոխելու աշխատանքների մասին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի 9 աշխատակցի ձերբակալելու լուրին։ Նախարարը լուրին անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Ցավում եմ, որ պետական համակարգում դեռևս կան պետական ծառայողներ, ովքեր չեն գիտակցում քաղաքացու հանդեպ իրենց բացառիկ առաքելությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի 9 աշխատակցի՝ այդ թվում նաև տնօրենին։

Չարաշահումներն ստանալու են իրենց իրավական գնահատականը․ դրանց հանդեպ իրավապահ մարմինների արձագանքը կա ու լինելու է ծայրահեղ խիստ։

Զբաղվածության պետական գործակալությունն այսօր, ցավոք, չի իրականացնում իր առաքելությունն այն ծավալով, որը համարվում է մեր նպատակը։ Միևնույն ժամանակ, նախարարությունն այն ամբողջովին բարեփոխելու և զբաղվածության ծրագրերն առաջիկայում օպտիմալացնելու աշխատանքներ է տանում։

Նախատեսվող փոփոխություններից հետո կբարելավվի աշխատանք փնտրող մարդու և գործատուների արդյունավետ կապը՝ նվազեցնելով սուբյեկտիվ և վարչարարական ռիսկերը։

Միասնական սոցիալական ծառայության ստեղծման շրջանակում՝ զբաղվածության ծրագրերը դառնալու են աղքատության հաղթահարման լավագույն գործիքը»,- գրել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել