«Եվրամիության հետ հարաբերություններ գոյություն չունեն». Լավրովը մեղադրել է Բրյուսելին |tert.am|
09:48 - 23 մարտի, 2021

«Եվրամիության հետ հարաբերություններ գոյություն չունեն». Լավրովը մեղադրել է Բրյուսելին |tert.am|

tert.am: Մոսկվան Եվրամիության հետ՝ որպես կազմակերպություն, չունի ոչ մի հարաբերություն. դրանք ոչնչացվել են Բրյուսելի կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր չինացի գործընկեր Վան Իի հետ բանակցություններից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Եթե Եվրոպան խզել է այդ հարաբերությունները` պարզապես ոչնչացնելով երկար տարիներ ստեղծված բոլոր մեխանիզմները, և մենք որպես գործընկերներ ունենք միայն եվրոպական առանձին երկրներ, որոնք ցանկանում են առաջնորդվել իրենց ազգային շահերով, հավանաբար օբյեկտիվորեն դա հանգեցնում է նրան, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում են ավելի արագ, քան այն, ինչ մնացել է եվրոպական երկրների հետ հարաբերություններից: Ես մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ Եվրամիության, որպես կազմակերպության հետ, հարաբերություններ գոյություն չունեն: Այս հարաբերությունների ամբողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է Բրյուսելի միակողմանի որոշումներով»,- նշել է Լավրովը:

Նախարարը ընդգծել է, որ «եթե ինչ-որ ժամանակ Եվրամիությունն իր կողմից նպատակահարմար համարի վերացնել այդ անոմալիան Ռուսաստանի հետ շփումներում», Մոսկվան պատրաստ կլինի հարաբերությունները հարթել հավասարության հիման վրա ՝ ձգտելով շահերի հավասարակշռության որոնման:

«Բայց մենք դեռևս փոփոխություններ չունենք արևմտյան ճակատում, Արևելքում մենք ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որը տարեցտարի հարստանում է»,-եզրափակել է Լավրովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել