Հայաստանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ է գնել մայիսին՝ չհասցնելով հրթիռները ձեռք բերել. վարչապետ
 |armtimes.com|
11:53 - 21 մարտի, 2021

Հայաստանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ է գնել մայիսին՝ չհասցնելով հրթիռները ձեռք բերել. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը, որպես նախկին ԽՍՀՄ–ի ողնաշար, պարտավորություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է երեկ՝ Արագածոտնի մարզի Օհանավան համայնք կատարած այցի ժամանակ՝ խոսելով պատերազմի ժամանակ Ռուսաստանի Դաշնության կատարած դաշնակցային պարտավորությունների մասին:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը  պատերազմի ընթացքում ամբողջությամբ կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։

«Ես պետք է ասեմ առանց սեթևեթանքի` այո. միանշանակ և աներկբա Ռուսաստանը կատարել է իր պարտավորությունները։ Բայց այստեղ մի նրբություն կա. ուղղակի մենք երկար ժամանակ տարբեր ձևերով Ռուսաստանին վերագրել ենք դաշնակցային այնպիսի պարտավորություններ, որը նա  իրականում չունի։ Սա  շատ կարևոր նրբություն է: Ռուսաստանը, որպես նախկին ԽՍՀՄ–ի ողնաշար, պարտավորություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի նկատմամբ: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, նաև բարեկամը, բայց Ադրբեջանի թշնամին չէ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այդ դաշնակցային պարտավորությունները գծված են որոշակի սահմանի վրա», - ասել է կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, Սյունիքում իրավիճակն այնպիսին էր, որ Հայաստանը կանգնած էր պատերազմի երկրորդ ալիքի վտանգի առաջ ու պետք էր այնպես անել, որ Հայաստանը մնա այն կետերում, որտեղ եղել է այդ պահին: «Մենք պատերազմը կանգնեցրել ենք այն պահին, երբ այլևս առաջ գնալ պարզապես հնարավոր չէր: Որպեսզի չունենանք զոհեր, որոնց զոհվելը իմաստ չէր ունենա»,-ասաց նա:

ՀՀ վարչապետը նաև խոսել է Ռուսաստանից գնված Սու-30 ՍՄ կործանիչների մասին, որոնց հրթիռների բացակայության մասին թեման լայնորեն քննարկվում էր պատերազմի ընթացքում և դրանից հետո: Նա նշեց, որ կործանիչները գնվել են առանց հրթիռների:

«Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու՞ չուներ կործանիչ ավիացիա », -նախորդ իշխանություններին հարց է ուղղել Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել